ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱՄՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով պետքարտուղարի տեղակալ Բրենտ Քրիստենսենի հետ քննարկել է ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հարցեր, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Ըստ գերատեսչության՝ կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև բազմակողմ հարթակներում ՀՀ-ԱՄՆ փոխգործակցության հարցերի շուրջ։
Նշվում է, որ ընդգծվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում էներգետիկայի, արհեստական բանականության ոլորտներում համագործակցության վերաբերյալ ստորագրված երկկողմ հուշագրերով արձանագրված պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ աշխատանքների ակտիվ դինամիկան։
Հայաստանն ու ԱՄՆ-ն հունվարի 14-ին ստորագրել էին ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Փաստաթուղթը Վաշինգտոնում ստորագրել էին ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ այն ժամանակվա պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Հայաստանը ռազմավարական երկխոսություն էր սկսել ԱՄՆ-ի հետ 2022 թվականի մայիսին՝ Միրզոյանի և Բլինքենի միջև Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո։ Հունիսի 11-ին Միրզոյանը հայտարարել էր ԱՄՆ-ի հետ երկխոսությունը ռազմավարական գործընկերության ընդլայնման ծրագրերի մասին։





































