Հայաստանը դրական է վերաբերվում Թուրքիայի հետ սահմանի բացմանը, սակայն դրա համար դեռ անհրաժեշտ են որոշ տեխնիկական քայլեր, ասել է Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Քըլըչն Իգդիր է ժամանել հայկական կողմի հետ կայանալիք բանակցություններից առաջ։ Դիվանագետի խոսքով՝ ինքը և իր հայ գործընկեր Ռուբեն Ռուբինյանն աշխատում են որոշակի հարցերի շուրջ։
«Մենք կվերանայենք այս ջանքերը և կհաստատենք կատարված աշխատանքը։ Կքննարկենք, թե ինչ կարելի է անել ապագայում երկու երկրների տնտեսական կյանքի բարելավման համար, մասնավորապես՝ այս տարածաշրջանում»,- ասել է նա։
Քըլըչը նաև նշել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գործունեության կարևորությունը «ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի, այլև ամբողջ Կենտրոնական Ասիայի և թյուրքական հանրապետությունների համար՝ նոր հնարավորություններ բացելու առումով»։
Նրա խոսքով՝ հայկական կողմը նույնպես դրական վերաբերմունք ունի այս հարցերի նկատմամբ։
«Որոշ նախագծեր իրականացնելուց առաջ անհրաժեշտ է մի շարք տեխնիկական աշխատանքներ կատարել, բայց մտադրությունների առումով խնդիրներ չունենք»,- լրատվամիջոցները մեջբերել են նրա խոսքերը։
Թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ հաջորդ շաբաթվա սկզբին կկայանա Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունների հանդիպում՝ հարաբերությունների կարգավորման հարցը քննարկելու համար։ Նրանց հաղորդմամբ՝ հանդիպումը տեղի կունենա Մարգարա-Ալիջան անցակետում, և նախատեսվում է քննարկել նախկինում ընդունված որոշումների կատարումը և նոր որոշումների ընդունումը։
Սեպտեմբերի 7-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել էր հատուկ ներկայացուցիչների միջև հանդիպման նախապատրաստումը։ Ավելի ուշ Ռուբինյանը հայտարարել էր, որ Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ բանակցությունները կկենտրոնանան սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման վրա։





































