Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի մի քանի թաղամասի բնակիչներին բազմահարկ շենքերի ուղղությամբ սպասվող հարվածներից առաջ տարհանման կոչ է արել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Հայտարարության մեջ նշվում է, որ Իսրայելի բանակը պատրաստվում է մոտ ժամանակներում հարվածել շենքերին, քանի որ, ըստ նրանց, այդ վայրում կամ մոտակայքում «Համասի ահաբեկչական ենթակառուցվածքներ կան»։
Ավելի վաղ իսրայելական բանակի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Գազայի հատվածի բնակիչների համար ստեղծվել է «մարդասիրական գոտի», որն ունի անհրաժեշտ ենթակառուցվածքներ, այդ թվում՝ գործող վրանային հիվանդանոցներ, փախստականների համար վրաններ, աղազերծված ջրի պաշարներ, սնունդ և դեղորայք։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իսրայելցի զինվորականները վերահսկողություն են հաստատել Գազա քաղաքի 40%-ի նկատմամբ և մտադիր են շարունակել հարձակողական գործողությունները։
Օգոստոսի կեսերին Իսրայելը նոր հարձակում էր սկսել Գազայի հատվածի քաղաքային մասի վրա՝ այն ամբողջությամբ գրավելու ծրագրով։ Իսրայելն օգոստոսի 28-ին դադարեցրել էր մարտավարական հրադադարը՝ Գազա քաղաքը հայտարարելով վտանգավոր մարտական գոտի:




































