Հայաստանի և Չինաստանի միջև հաստատվել է ռազմավարական գործընկերություն, ինչի մասին Թիենծին քաղաքում ընդունվել է համատեղ հայտարարություն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպման արդյունքում, տեղեկանում ենք ՀՀ կառավարությունից։
Ծինփինը նշել է, որ երկկողմ փոխգործակցությունը կայուն զարգացում է ապրում: Նա շեշտել է, որ ՉԺՀ-ն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը: Միաժամանակ, ՉԺՀ նախագահը շեշտել է, որ Չինաստանն աջակցում է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը:
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը վերահաստատում է իր աջակցությունը «Մեկ Չինաստան» սկզբունքին: Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչումը կարող է շաղկապվել նաև Չինաստանի «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության հետ, որին Երևանը պաշտոնապես միացել է։
Փաշինյանը շեշտել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է չինական ընկերությունների կողմից ՀՀ-ում ներդրումային ծրագրերի ընդլայնմամբ: ՀՀ վարչապետը վերահաստատել է Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու Հայաստանի ցանկությունը։
Ավելի ուշ ՀՀ կառավարությունը հրապարակել է ռազմավարական գործընկերության մասին Հայաստանի և Չինաստանի ղեկավարների համատեղ հայտարարությունը, որով կողմերը պարտավորվում են հարգել միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Կողմերը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերում համագործակցելու պայմանավորվածություն են ձեռք բերել։
Համատեղ հայտարարությամբ Չինաստանն աջակցում է Հայաստանի անկախությանը, խաղաղության օրակարգին։ Նվում է, որ կողմերը պատրաստ են զարգացնել «բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն և անվտանգության ոլորտում համագործակցություն»։ Նշվում է նաև, որ կողմերը պաշտպանում են ՄԱԿ-ի կանոնադրությունը և բազմաբևեռ աշխարհի ձևավորումը։
Տնտեսություն և ներդրումներ ենթաբաժնում կողմերն ընդգծել են առևտրի աճը, և հայկական ապրանքների մուտքը չինական շուկա, իսկ Չինաստանը ՀՀ ենթակառուցվածքներում, էներգետիկայում, ՏՏ-ում, գյուղատնտեսությունում ներդրումների պատրաստակամություն է հայտնել։ ՏՏ, նորարարության և արհեստական բանականության, լեզվի ուսուցման զարգացման ուղղություններում նույնպես համագործակցության համաձայնություն է ձեռք բերվել։
Կողմերը նշել են նաև զբոսաշրջության խթանման մասին՝ առանց վիզայի ռեժիմի, ուղիղ չվերթերով։
Օգոստոսի 28-ին Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել Չինաստանի հետ ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին համաձայնագիր ստորագրելու առաջարկությանը։ Երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճը 2025-ի առաջին չորս ամիսներին կազմել էր 58%։
Հոդվածը թարմացվել է 11։26-ին։





































