Մոտ 2 ամիս առաջ իրավապահները ձերբակալել են ԱԳՆ հյուպատոսական բաժնի աշխատակից Աշխեն Ալեքսանյանին, սակայն տեղեկությունը փորձել են հանրությունից գաղտնի պահել, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ հրապարակման՝ Ալեքսանյանին ձերբակալել են Ավստրիայից Հայաստան վերադառնալիս՝ օդանավակայանում։ Երիտասարդ կնոջ մոտ փաստաթղթեր են հայտնաբերել և կասկածել Ադրբեջանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ, նշել է լրատվականը։
«ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել ԱԳՆ շենքում` համակարգիչներն են ուսումնասիրվել, փաստաթղթեր են զննվել։ Որոշվել է այս ձերբակալությունը գաղտնի պահել, քանի որ այն մեծ սկանդալի առիթ կարող է դառնալ»,- հավելել է թերթը։
Լրատվականի պնդմամբ՝ համացանցից, բոլոր բաց աղբյուրներից ուղղակի վերացրել են Ալեքսանյանի վերաբերյալ տեղեկատվությունն ու անգամ նշանակման մասին պաշտոնական լուրը, սակայն համակարգի հին աշխատակիցներից մեկը թերթին հայտնել է, որ շատ լավ է ճանաչում Աշխենին, նա սկզբում քաղծառայողի հաստիքն էր զբաղեցնում, ապա աշխատանքի էր անցել ԱԳՆ հյուպատոսական բաժնում, դիվանագետի կոչում էր ստացել, որից հետո այլևս տեղեկություն չունի նրա մասին:






































