Ժնևում տեղի է ունեցել Իրանի և «Եվրաեռյակի» երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի միջև միջուկային հարցի շուրջ բանակցությունների 2-րդ փուլը, հայտնում է Mehr-ը։
Արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով հանդիպման ժամանակ քննարկվել է «Եվրաեռյակի» պահանջը, որի համաձայն Իրանը պետք է վերականգնի ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը իր միջուկային օբյեկտներ, ինչպես նաև վերսկսի դիվանագիտական բանակցությունները՝ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագրի հասնելու համար: Հակառակ դեպքում՝ Թեհրանին սպառնում է 2015 թվականի համաձայնագրով չեղարկված պատժամիջոցների վերականգնում:
Խորհրդակցություններից հետո Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Իրանը շարունակում է մնալ դիվանագիտության և վիճելի հարցերի փոխշահավետ լուծման կողմնակից:
«Երկու կողմն էլ ներկայացրել է 2231 բանաձևի վերաբերյալ իր տեսակետները: Իրանը շարունակում է հավատարիմ մնալ դիվանագիտությանը և փոխշահավետ լուծում գտնելուն: Ժամանակն է, որ «Եվրաեռյակը» և ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կատարեն ճիշտ ընտրություն՝ դիվանագիտությանը ժամանակ և տարածք տալով»,- գրել է Ղարիբաբադին X-ում:
Իրանի կողմից բանակցություններին մասնակցել է նաև փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին:
Միացյալ Նահանգները և «Եվրաեռյակի» երկրները նախկինում համաձայնության էին եկել օգոստոսի վերջը սահմանել որպես միջուկային համաձայնագրի կնքման վերջնաժամկետ: Եթե բանակցությունները ձախողվեն, «Եվրաեռյակը» նախատեսում է գործարկել վերականգնման մեխանիզմ, որը կերկարաձգի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Իրանի դեմ պատժամիջոցները: Թեհրանն սպառնացել է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից, եթե պատժամիջոցները երկարաձգվեն:





































