Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն հայտարարել է երկրում Իրանի դեսպան Ահմադ Սադեգիին արտաքսելու իշխանությունների որոշման մասին, հայտնել է CNN-ը։
Նշվում է, որ Ավստրալիան արտաքսում է Իրանի դեսպանին այն բանից հետո, երբ երկրի հետախուզական վարչությունը պարզել է, որ Թեհրանը կանգնած է ավստրալական հողում առնվազն երկու «հակասեմական հարձակման հետևում»։
Ավստրալիայի հետախուզական-պահնորդական կազմակերպությունը (ASIO) կապ է գտել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և 2024-ին Սիդնեյում հրեաներին պատկանող ռեստորանի ու Մելբուռնում գտնվող Adass Israel սինագոգի հրկիզման միջև։
Իրանի դեսպանին և իրանցի երեք դիվանագիտական աշխատակցի յոթ օր են տվել երկիրը լքելու համար։
«Դրանք ագրեսիայի արտակարգ և վտանգավոր գործողություններ էին, որոնք կազմակերպվել էին օտարերկրյա պետության կողմից ավստրալական հողում»,- հայտարարել է Ալբանեզեն:
Adass Israel սինագոգի հրկիզումը տեղի էր ունեցել 2024-ի դեկտեմբեր 6-ին, Lewis’ Continental Kitchen ռեստորանի հրկիզումը՝ հոկտեմբերին։




































