Իրանն ու Հայաստանը մի շարք ենթակառուցվածքային նախագծերի իրականացման վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում, Tasnim-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղը։
Նա հստակեցրել է, որ նախագծերն ուղղված են երկու երկրների միջև տարանցման և տրանսպորտային կապերի ընդլայնմանը։
Նախարարի խոսքով՝ կողմերը պայմանավորվել են Նուրդուզում երկրորդ կամրջի կառուցման, գոյություն ունեցող կամրջի վերակառուցման, տերմինալների կազմակերպման և բեռնատարների համար սակագների վերանայման մասին: Նա նշել է, որ այս քայլերը պետք է դյուրացնեն վարորդների տեղաշարժը։
Գործակալությունը նշում է, որ շարունակվում է Պարսից ծոցը Սև ծովին միացնելու ռազմավարական նախագծի իրականացումը: Երկաթուղին արդեն հասցվել է Իրանի Ջուլֆա, իսկ դրա շարունակությունը Նախիջևանով մինչև Երևան հավանության է արժանացել։
Նշվում է, որ այս երթուղին կարող է առանցքային դեր խաղալ Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի և Եվրոպայի միջև տարանցման գործում: Բացի այդ, կողմերը նախատեսում են հուշագրեր ստորագրել ավիահաղորդակցության ոլորտում։ Համագործակցության կարևոր ուղղությունը կապված է նաև Պարսից ծոցում և Օմանի ծովում Հարավային Իրանի նավահանգստային հզորությունների օգտագործման հետ, ինչը նոր հնարավորություններ է բացում Հայաստանից Եվրոպա և Արևելյան Ասիա տարանցման համար:
Իրանի նախագահն օգոստոսի 18-ին երկօրյա աշխատանքային այցով ժամանել էր Հայաստան։




































