Իրավապահներն ուժեղացված հսկողություն կիրականացնեն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայր տանող ճանապարհի վրա, որտեղ ժամը 16։00-ին կանցկացվի Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և ևս 16 անձի դատական նիստը, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը։
Ըստ լրատվականի՝ նրանց հրահանգել են դատարանում պահել զգոնություն և տարածքում իրականացնել ուժեղացված ծառայություն։
Թերթը հիշեցրել է, որ Կենտրոնի նստավայր են տանելու «Հեղաշրջման պլանի» քրեական գործով կալանավորված 17 անձի, որոնց թվում են Բագրատ Սրբազանը և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը։
Գալստանյանը և նրա 14 աջակից հունիսի 26-ին կալանավորվել էին ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մեղադրանքով: Նրանք իրենց մեղքը չեն ընդունում:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հուլիսի 7-ին ԱԺ-ում ներկայացրել էր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունը, ինչին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ էր քվեարկել: Սարգսյանին կալանավորել էին հուլիսին՝ «Սրբազան պայքար»-ի գործով։ Պատգամավորը մեղադրվում է ցուցարարներ հավաքագրելու համար։






































