ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուշագիր է ստորագրել «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ ուղղման կասեցման վերաբերյալ, որն արգելում էր Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Federal Register կայքում:
2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթում նշվում է, որ այս քայլն անհրաժեշտ է միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի և դաշնակիցների ջանքերին աջակցելու, ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ զինված ուժերի գործառնական պատրաստվածությանն աջակցելու համար։ Նշվում է, որ այն կարևոր է Ադրբեջանի սահմանների անվտանգության համար և չի ազդի Հայաստանի հետ խաղաղության բանակցությունների վրա:
907-րդ ուղղումն ընդունվել էր 1992 թվականին և օրենսդրական սահմանափակումներ է սահմանել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի կառավարությանը տրամադրվող օգնության վերաբերյալ, այդ թվում՝ ռազմական ոլորտում: 2001 թվականից ի վեր ԱՄՆ նախագահները բազմիցս ժամանակավորապես կասեցրել էին փոփոխությունը:
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ԱՄՆ միջնորդությամբ կարգավորման վերաբերյալ համատեղ հռչակագիր էին ստորագրել, որը նախատեսում է TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղու ստեղծում: Հռչակագրի ստորագրման արարողության ժամանակ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները վերացնում է 907-րդ փոփոխությամբ նախատեսված՝ պաշտպանության ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցության սահմանափակումները։





































