Իսրայելի նպատակը Գազայի հատվածի օկուպացիան չէ, այլ «ՀԱՄԱՍ» շարժումից պաղեստինյան անկլավն ազատագրելը, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հայտնել է ՏԱՍՍ-ը։
«Պատերազմը կարող է վաղն ավարտվել, եթե «ՀԱՄԱՍ»-ը վայր դնի զենքերը և ազատ արձակի մնացած բոլոր պատանդներին», - ասել է նա՝ նշելով, որ արմատականները հրաժարվում են դա անել։
Միևնույն ժամանակ, ըստ Իսրայելի վարչապետի, «Գազան ապառազմականացվելու է»։
«Իսրայելը պատասխանատու կլինի անվտանգության համար, և Գազա-Իսրայել սահմանին կստեղծվի անվտանգության գոտի՝ ապագա ահաբեկչական ներխուժումները կանխելու համար, իսկ Գազայում կստեղծվի քաղաքացիական վարչակազմ, որը կձգտի խաղաղ ապրել Իսրայելի հետ»,- շարունակել է Նեթանյահուն՝ նշելով, որ «սա «ՀԱՄԱՍ»-ի հեռանալուց հետո օրվա ծրագիրն է»։
Իսրայելի քաղաքական և ռազմական անվտանգության կաբինետը ուրբաթ առավոտյան հաստատել էր Գազա քաղաքի վերահսկողության հաստատման ծրագիրը։
Գազայի շարունակվող պատերազմը սկսվել էր 2023թ. հոկտեմբերի 7-ին: 2025թ. հունվարի 15-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը փուլային համաձայնության էին եկել պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Մարտի 18-ի լույս 19-ի գիշերը, սակայն, Իսրայելը վերսկսել էր հարվածները:
Իսրայելի կառավարությունը շարունակում է Գազայի մասնակի շրջափակումը և ռազմական գործողությունները ՀԱՄԱՍ-ի դեմ՝ պահանջելով ազատ արձակել բոլոր պատանդներին:






































