Լիբանանի շիական «Հեզբոլլահ» շարժումը մերժել է Լիբանանի կառավարության որոշումը՝ երկրի բանակին հանձնարարել զենքի նկատմամբ պետական մենաշնորհ սահմանել, հայտնել է Reuters-ը։
Կառավարությունը նախկինում հանձնարարել էր Լիբանանի բանակին մշակել մի ծրագիր, որի շրջանակներում մինչև տարեվերջ երկրի ողջ տարածքում զենքի վերահսկողությունը կփոխանցվի վեց պաշտոնական անվտանգության կառույցների: Օգոստոսի 7-ին նախարարները կշարունակեն քննարկել «Հեզբոլլահ»-ին զինաթափելու վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը։
Խումբը գրավոր հայտարարությամբ մերժել է որոշումը՝ նշելով, որ այն ԱՄՆ «դիկտատի» արդյունք է, և որ իրենք «կվերաբերվեն դրան այնպես, կարծես այն գոյություն չունի»։ «Հեզբոլլահը» հայտարարել է, որ որոշումը «լիովին ծառայում է Իսրայելի շահերին»։
Նշվում է նաև, որ Լիբանանի շիական համայնքը ներկայացնող նախարարները լքել են կառավարության նիստը նախքան որոշման կայացումը։
Հուլիսի 31-ին Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը կոչ է արել զինաթափել «Հեզբոլլահ»-ը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգները մեծացնում է ճնշումը Լիբանանի իշխանությունների վրա՝ պահանջելով, որ նրանք արագորեն ընդունեն «Հեզբոլլահ»-ի զինաթափման վերաբերյալ պաշտոնական կաբինետի որոշում՝ նախքան Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ բանակցությունները վերսկսելը։