Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վրացական կողմին խնդրել է կոմունիկացիան ապահովելու համար որևէ պաշտոնյա նշանակել, սակայն մերժում է ստացել, գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ թերթի՝ Պապոյանն առաջարկել է, որ այդ պաշտոնյան լինի, օրինակ, Հայաստանում Վրաստանի դեսպանատան որևէ աշխատակից, որը կապահովի վրացական կողմի և հայ արտադրողների միջև կապը, նրանց տեղեկություններ կփոխանցի մաքսակետում կոնյակով և այլ ապրանքներով բեռնված բեռնատարների անցման, հերթերի, ապրանքների նմուշառումների և այլ խնդիրների մասին։
Էկոնոմիկայի նախարարությունը հրաժարվել է թերթին մեկնաբանել Պապոյանի առաջարկն ու մերժումը։
Ապրիլի կեսից Ռուսաստան և Բալթյան երկրներ արտահանման համար նախատեսված հայկական կոնյակով և ալկոհոլային այլ խմիչքներով բեռնատարները երկարատև ստուգումներ են անցնում տարանցիկ երկրում և մնում վրացական անցակետերում:
Մայիսի 13-ին և մայիսի 21-ին Հայաստանից կոնյակ արտահանողները բողոքի ակցիաներ էին իրականացրել ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան շենքի առջև՝ պահանջելով լուծում տալ իրենց ապրանքի արտահանման ժամանակ առաջացած խնդիրներին։ Հունիսի 19-ին ՊԵԿ-ը հայտնել էր, որ հայ-վրացական սահմանին հայկական շշալցված կոնյակով բեռնված բեռնատարների կուտակման հետ կապված խնդիրը կարգավորվել է։ Հունիսի 23-ին Պապոյանը հայտնել էր կոնյակի արտահանման հարցով Վրաստանի հետ պայմանավորվածության մասին։