ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ՀՀ սահմանադրության օրվա առթիվ և իր ուղերձում ընդգծել, որ Հայաստանը կարող է ուժեղ պետություն դառնալ միայն այն դեպքում, երբ օրենքը դառնա անսակարկելի արժեք:
Սիմոնյանի խոսքով՝ Սահմանադրության օրը խորհրդանշում է մեր անկախ պետականության, իրավական մտածողության և քաղաքացիական հասունության մակարդակը:
«Սահմանադրությունը զուտ իրավական փաստաթուղթ չէ: Այն մեր ինքնության, արժանապատվության և ազատության արտահայտումն է: Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով և առաջնորդվել արդարությամբ»,- ասել է նա:
ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ ոչ ոք չպետք է իրեն վեր դասի օրենքից` անկախ իր կարգավիճակից և հասարակության մեջ զբաղեցրած դիրքից: Նա վերահաստատել է, որ շարունակելու են անել հնարավորը, որպեսզի Հայաստանում բոլորն օրենքի առաջ հավասար լինեն:
2024 թվականի հունիսի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել էր խաղաղության պայմանագրին՝ նշելով, որ անհնար է այն կնքել, եթե Հայաստանի սահմանադրությունը չփոխվի։
Ապրիլին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդել էր, որ Սահմանադրության նոր տարբերակի ընդունման նախաձեռնությունը կապված չէ Բաքվի կողմից Հայաստանում սահմանադրական փոփոխությունների պահանջի հետ, որն Ադրբեջանը ներկայացնում է որպես խաղաղության համաձայնագրի ստորագրման պայմաններից մեկը։ Նրա խոսքով՝ նոր Սահմանադրության ընդունման հարցն օրակարգում է 2018 թվականից՝ իր ղեկավարած քաղաքական ուժի իշխանության գալուց անմիջապես հետո։
Մայիսի 7-ին ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել էր, որ Հայաստանի նոր Սահմանադրության տեքստը մշակման փուլում է և պատրաստ կլինի 10 ամսվա ընթացքում: