Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ չի բացառում սցենարը, որի դեպքում կփորձեն սպանել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, հայտնում է ABC News հեռուստաալիքը։
Նեթանյահուն, խոսելով այն մասին, որ «չի բացառում Իրանի գերագույն առաջնորդի չեզոքացման հնարավորությունը», կարծիք է հայտնել, որ «նրա հեռացումը ոչ թե կսրի հակամարտությունը, այլ կավարտի այն»։
Հունիսի 15-ին Reuters-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին օրերին «վետո» է դրել Իսրայելի կողմից Իրանի գերագույն առաջնորդին սպանելու ծրագրի վրա։
Այսօր ավելի վաղ Իսրայելը հարվածել էր Իրանի գլխավոր հեռարձակող Islamic Republic of Iran Broadcasting (IRIB) հեռուստառադիոընկերության կենտրոնակայանին։
Իսրայելի և Իրանի միջև չորրորդ օրն է՝ շարունակվում են ռազմական գործողությունները։ Առաջին հարվածը հասցրել էին Իսրայելի ռազմաօդային ուժերը հունիսի 13-ի գիշերը՝ թիրախավորելով Իրանի ռազմական և արդյունաբերական օբյեկտները, որից հետո կողմերն ամեն օր փոխանակվում են հրթիռային հարվածներով, որոնք մարդկային զոհերի ու ավերածությունների պատճառ են դարձել։