Միացյալ Նահանգների վարչակազմը պատրաստ է առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա և զրկել նավթ արտահանելու հնարավորությունից, եթե երկու կողմերին չհաջողվի պայմանավորվածություն ձեռք բերել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն «կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի թույլ չտա» Իրանին միջուկային զենք ձեռք բերել:
«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ։ Եթե ինձ հաջողվի Իրանի հետ գործարք կնքել, շատ ուրախ կլինեմ։ Մենք ձեր տարածաշրջանը և ամբողջ աշխարհը կդարձնենք ավելի անվտանգ վայր։ Բայց եթե Իրանի ղեկավարությունը մերժի այդ ձիթենու ճյուղը և շարունակի հարձակվել իր հարևանների վրա, ապա մեզ այլ ելք չի մնա, քան զանգվածային առավելագույն ճնշում գործադրել՝ իրանական նավթի արտահանումը հասցնելով զրոյի, ինչպես արել եմ նախկինում»,- ասել է Թրամփը։
Նրա խոսքով՝ Թեհրանը հնարավորություն ունի դադարել լինել Վաշինգտոնի թշնամին։
«Պատրաստ եմ վերջ դնել անցյալի հակամարտություններին և նոր գործընկերային հարաբերություններ հաստատել հանուն ավելի լավ և կայուն խաղաղության: Ես չեմ սիրում հավերժական թշնամիներ, բայց երբեմն դրանք անհրաժեշտ են գործը կատարելու և այն ճիշտ կատարելու համար: Թշնամիները մոտիվացիա են տալիս: Իրականում՝ Միացյալ Նահանգների ամենամտերիմ բարեկամներից են այն երկրները, որոնց դեմ պատերազմել ենք նախորդ սերունդների օրոք: Այժմ նրանք մեր ընկերներն ու դաշնակիցներն են»,- ասել է Թրամփը։
Իրանն ու ԱՄՆ-ն ապրիլի 12-ին, 19-ին, 26-ին և մայիսի 12-ին Օմանի միջնորդությամբ բանակցությունների չորս փուլ էին անցկացրել՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու և Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու նպատակով: