Գյումրիում խուզարկությունների արդյունքում կան ձերբակալվածներ քաղաքապետի արտահերթ ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» և «Մեր քաղաքը» դաշինքներից, Armenia Today-ին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Նա տեղեկացրել է, որ ձերբակալությունները կոմիտեում քննվող վարույթների շրջանակում են:
Փաստաբան Արսեն Բաբայանը գրել է, որ ձերբակալվածների թվում Գյումրիի ավագանու անդամի թեկնածու Կարեն Գրիգորյանն է։
News.am-ի տեղեկություններով` խուզարկությունների արդյունքում ձերբակալվել են նաև «Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրիի քաղաքապետի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանի հայրը և որդին։
Օհանջանյանը հերքել է տեղեկությունը, որ «Մայր Հայաստան դաշինքի շտաբում խուզարկությունից հետո Գյումրու ավագանու անդամ Էմմա Գրիգորյանին ուժի կիրառմամբ տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե։ Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղեկացրել էին, որ թեժ գծի հեռախոսահամարին ՀՀ ԱԺ պատգամավորի կողմից ահազանգ են ստացել այն մասին, որ Գրիգորյանին ուժի կիրառմամբ տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե:
Մարտի 27-ին «Մայր Հայաստան» և «Մեր քաղաքը» դաշինքների ներկայացուցիչները հայտնել էին նախընտրական շտաբերում և իրենց անդամների, համակիրների բնակարաններում իրականացվող խուզարկությունների և քննչական գործողությունների մասին։ Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել էր, որ քրեական վարույթներ են նախաձեռնվել։ «Մայր Հայաստանից» տեղեկացրել էին, որ Էմմա Գրիգորյանին տարել են ոստիկանություն։ Մարտուն Գրիգորյանը, որի նախընտրական շտաբում և տանը նույնպես քննչական գործողություններ էին, հայտնել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա հոր և որդու նկատմամբ քրեական գործեր հարուցելու մասին։
Հունվարի 20-ին հաստատվել էր Գյումրիում արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։
Փետրվարի 11-ին ռեժիսոր և պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը հայտարարել էր Գյումրու քաղաքապետի ընտրություններում առաջադրվելու իր որոշման մասին։ Փետրվարի 12-ին «Պատիվ ունեմ» խմբակցության անկուսակցական պատգամավոր Գրիգորյանն իր թեկնածությունն էր առաջադրել Գյումրու քաղաքապետի պաշտոնում։ «Մայր Հայաստանի» առաջադրած թեկնածուն Կարեն Սիմոնյանն է։ Գյումրիի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է նաև նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։