Ֆրանսիական Arte հեռուստաալիքը ներողություն է խնդրել իր «28 րոպե» հաղորդման ընթացքում Հարավային Կովկասի «սխալ քարտեզ» ցուցադրելու համար, որտեղ «Հայաստանն անհետացել էր հօգուտ Ադրբեջանի», հայտնել է Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչ, լրագրող Գրիգոր Ամիրզայանը։
Հաղորդման հաղորդավար Էլիզաբեթ Քուինը միջադեպն անվանել է «բոլորովին ակամա»:
««28 րոպե»-ն ցանկանում է ներողություն խնդրել, մասնավորապես, հայ ընկերներից ներողություն ենք խնդրում այն սխալ քարտեզի համար, որը երեկ ցույց տվեցինք Թուրքիայի վերաբերյալ բանավեճի ժամանակ։ Շնորհակալություն ըմբռնման համար, սա բացարձակապես կոլեկտիվ և ցավալի սխալ է, բայց բոլորովին ակամա»,- ասել է Քուինը հաղորդման վերջում:
Մարտի 24-ին Թուրքիայում տիրող իրավիճակի մասին հաղորդման ժամանակ էկրանին ցուցադրվել էր քարտեզ, որում Հայաստանի տարածքը միավորված էր Ադրբեջանի հետ, որի սահմանները հասնում էին մինչև Թուրքիա։ Ընդ որում՝ ճիշտ են ցուցադրվել Վրաստանի, Իրանի, Իրաքի, Սիրիայի և մնացած բոլոր երկրների սահմանները։
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) մեղադրել է Arte հեռուստաալիքին Հայոց ցեղասպանությունից 110 տարի անց «պանթյուրքիստական երազանքը կյանքի կոչելու» մեջ։ SCAF-ը ալիքին կոչ է արել ներողություն խնդրել և ուղղել իր քարտեզները։