Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանն արդարացրել է «Միասին» ընդդիմադիր շարժման համահիմնադիր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին, Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Հովհաննես Քոչարյանը։
Բագրատյանը մեղադրվում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու մեջ։ Իրավապահները պնդում էին, որ ընդդիմադիր գործիչը 2023 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 16:30-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում, Ազգային ժողովի մուտքի մոտ «Միասին» շարժման կողմից կազմակերպված հավաքի ժամանակ բռնության կոչեր է արել։ Նա, մասնավորապես, ասել էր․ «Արա, ինչի՞ եք մեռնում, վերացրեք էդ մարդուն, վերջացրեք, արա՛: Վերացրե՛ք այդ իշխանությունը ձեր ուժով, թափով: Այս ի՞նչ ինքնասպանություն է, որ ազգը գնում է»։
Ինքը՝ Բագրատյանը, գործն անվանել էր շինծու։
Բագրատյանը Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցրել էր 1993-1996 թվականներին։