ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպի ազգային անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու և, հնարավոր է, քայլեր ձեռնարկելու Կիևի դեմ, հայտնում է New York Times-ը։
Հանդիպումներ են նախատեսված նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հետ, գրում է հրատարակությունը։
Քննարկումներում, ըստ կայքի, կարող է շոշափվել Կիևին ռազմական օգնությունը կասեցնելու թեման։ Սա ներառում է զինամթերքի և սարքավորումների մատակարարումները, որոնք հաստատվել են նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից։
Ռուս-ուկրաինական կոնֆլիկտի կարգավորման գործընթացը մեկնարկել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թրամփի միջև փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցից հետո։ Փետրվարի 15-ին Սաուդյան Արաբիան պատրաստակամություն էր հայտնել երկրում ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը։ Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել էին Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները, որոնք տևել էին ավելի քան 4 ժամ։ Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունն Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ ձեռք բերված 4 պայմանավորվածություն էր հրապարակել։
Փետրվարի 18-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ-ն ցանկանում է գրեթե լիակատար վերահսկողություն ունենալ ուկրաինական ռեսուրսների և դրանցից ստացված եկամուտների կեսի վրա։
Փետրվարի 28-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել էր Վաշինգտոն՝ հանքարդյունաբերության գործարք կնքելու համար։ Նրա հանդիպումը Թրամփի հետ սկսվել էր վիճաբանությամբ՝ հենց լրատվամիջոցների առջև, և գործարքը ձախողվել էր: