Իրավապահներն այս պահին խուզարկություններ է իրականացնում Armat Media լրատվական գործակալությունում, հայտնել են լրատվամիջոցից։
Նշվում է, որ Armat Media-ի լրագրողին թույլ չեն տվել շփվել գործընկերների հետ և պատմել, թե ինչ է կատարվում խմբագրությունում խուզարկությունների ֆոնին։
Ավելի ուշ լրատվամիջոցի լրագրող Աղավնի Սուքիասյանը լրագրողներին հայտնել է, որ խմբագրությունում խուզարկություններ իրականացնողները ներկայացել են որպես Քննչական կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ։ Նա տեղեկացրել է, որ բոլոր աշխատակիցների՝ թվով 11 հեռախոս են առգրավել, ինչպես նաև խմբագրության 2 համակարգիչ։
Նա մանրամասնել է, որ քննիչներն իրեն խուզարկությունների վերաբերյալ դատարանի որոշում են ցույց տվել՝ նշելով, որ գործողություններն «Ուժեղ Հայաստան» կուսկացության ներկայացուցիչ Ալիկ Ալեքսանյանին վերագրվող վարույթի շրջանակում է։
«Ուշագրավն այն է, որ ինձ դատարանի որոշում էին ցույց տալիս ու ասում, որ Armat Media-ի խմբագրությունում փնտրում են հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելուն վերաբերելի ինչ-որ բաներ, ինչպես նաև աշխատակիցների աշխատավարձերին վերաբերող տվյալներ, ինչպես նաև հավաքներին ամսնակցելու երթուղիների վերաբերյալ կրիչներ»,- հավելել է Սուքիասյանը։
Լրագրողի խոսքով՝ սկզբում քննիչներն ասել են, որ եթե համաձայն են հեռախոսների գաղտնաբառերն ասել,, տեղում կզննեն ու կփոխանցեն իրենց։
«Բայց 15 րոպե հետո իրենք հերքեցին իրենց իսկ ասածը՝ ասելով, որ տեղում զննություն իրականացնելու ժամանակ չունեն»,- փոխանցել է լրագրողը։
Armat Media-ի խմբագիր Նելլի Ավետիսյանը ժամեր առաջ Facebook-ի իր էջում խուզարկություններն անթույլատրելի էր անվանել։
«Այն, ինչ կատարվում է խմբագրությունում, ազատ խոսքի դեմ արշավ է»,- հավելել էր նա։
Ավելի ուշ նա տեղեկացրել է, որ քննիչները տանում են մոնտաժողների համակարգիչները։
Այս պահի դրությամբ քննչական գործողությունները խմբագրությունում դեռ շարունակվում են։ Քննիչները դեռ չեն վերադարձրել լրագրողների հեռախոսները։ ՔԿ ծառայողը հստակ չի նշել, թե երբ խմբագրությանը կվերադարձնեն առգրավված իրերը։
Սուքիասյանը լրագրողներին ավելի ուշ հայտնեց, որ խմբագրության դռները կնքվելու են, այսինքն՝ աշխատակիցները չեն կարողնաալու մուտք գործել և աշխատել։ Նրա խոսքով՝ դռները կնքված կմնան այնքան ժամանակ, մինչև բացելու որոոշում կլինի։
«Ամբողջովին պարալիզացնում են մեր աշխատանքը, չեն լինի հաղորդումներ, ուղիղ եթերներ»,- ասել է նա։
Ալեքսանյանին 2 ամսով կալանավորել էին նախընտրական հավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման ենթադրյալ կասկածով։
Թարմացված է՝ 5.06.2026 | 15։30




































