Հայաստանի շուրջ 2808 քաղաքացի կարտաքսվի ԱՄՆ-ից՝ երկրում ապօրինի ներգաղթյալների դեմ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության շրջանակներում, վկայում է ԱՄՆ ներգաղթի և մաքսային ոստիկանության զեկույցը (ICE):
Փաստաթղթում ոստիկանությունը ներկայացրել է տվյալներ, որոնք բաժանված են ըստ ազգությունների և արտաքսման ենթակա անձանց թվի:
2024 թվականի նոյեմբերի 24-ի դրությամբ՝ ավելի քան 1,4 միլիոն ոչ ռեզիդենտ անձ է հաշվառվել։ Այս ցուցակը գլխավորում են Մեքսիկան և Սալվադորը՝ համապատասխանաբար ավելի քան 252 հազար և 203 հազար դեպքերով:
ԱՄՆ 47-րդ նախագահի պաշտոնում իր երդմնակալության օրը Թրամփը մի շարք հրամանագրեր էր ստորագրել, որոնք ուղղված են ներգաղթի քաղաքականության խստացմանը, այդ թվում՝ ԱՄՆ-ում ծնված միգրանտների երեխաներին քաղաքացիություն տրամադրելու արգելքին: Ավելի ուշ դաշնային դատարանը 14 օրով արգելափակել էր հրամանագիրը՝ որոշումն անվանելով «հակասահմանադրական»։
Թրամփը նաև հրամանագրեր էր ստորագրել Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի հարավային սահմանին արտակարգ դրություն սահմանելու մասին՝ կարգադրելով լրացուցիչ զորքեր տեղափոխել այդ շրջան։ Նա սպառնացել էր արտաքսել «հանցավոր ապօրինի ներգաղթյալներին»։