Արցախի գլխավոր դատախազությունը մանրամասներ է հայտնել Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի դեմ հարուցված քրգործի վերաբերյալ։
Դատախազության տվյալներով՝ հուլիսի 13-ին դատարանի կողմից Վ.Բ.-ի առանձնատան խուզարկության ժամանակ «նա կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ է արտահայտել իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող ԱԱԾ մի խումբ աշխատակիցների հասցեին»։
«Այնուհետև, Վ. Բ.-ին խուզարկության կատարման վայրից հեռացնելու ժամանակ, տվյալ պահին նշված առանձնատանը գտնվող Ա. Բ.-ն, Վ. Բ.-ն և Գ. Յու.-ն կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն են գործադրել ԱԱԾ աշխատակիցների նկատմամբ, քաշքշել վերջիններիս և դիմադրություն ցույց տալու եղանակով փորձել խոչընդոտել իշխանության ներկայացուցիչների գործողություններին»,- ասված է հայտարարությունում:
Հուլիսի 13-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Արցախի քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով և 337-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) նախատեսված հանցագործության հատկանիշներով: Վիտալի Բալասանյանը կալանավորվել է, կատարվում է նախաքննություն։
Հուլիսի 13-ի երեկոյան հայտնի էր դարձել Արցախի ԱԽ նախկին քարտուղարի, ինչպես նաև նրա որդուն, եղբորը և քեռու տղային բերման ենթարկելու մասին։ Վիտալի Բալասանյանն Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի դեկտեմբերին։ 2023 թվականի հունվարին Արցախի նախագահն իր հրամանագրով ազատել էր պաշտոնից։
Կառավարությունը կների արցախցիների մի շարք վարկային պարտավորություններ
Կառավարությունը որոշել է մի շարք վարկային պարտավորություններից ազատել Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին, համապատասխան որոշումն ընդունվել է մայիսի 27-ին։ Խոսքն այն...






































