WB բանկը հայտարարել է, որ Ուկրաինայի հարվածների հետևանքով Wildberries-ի տուժած վաճառողներին կտրամադրի վարկային արտոնություններ և ֆինանսական այլ աջակցություն, գրում է Коммерсант-ը։
RWB-ի (Wildberries և Russ) մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչների համար մինչև 6 ամսով կհետաձգվի վարկերի մարման ժամկետը։ Վաճառողները պետք է դիմում ներկայացնեն բանկի անձնական հաշվից կամ կապ հաստատեն անձնական մենեջերի հետ։ Դիմումները կքննարկվեն առաջնահերթ կարգով։ Նշվում է, որ խոշոր բիզնեսի համար նմանատիպ աջակցության մեխանիզմը նույնպես կներդրվի մոտ ապագայում։
Բացի այդ, կորցրած ապրանքային պաշարները վերականգնելու նպատակով վաճառողներին կառաջարկվեն արտոնյալ վարկեր և ֆակտորինգի հատուկ պայմաններ։ WB բանկը նաև կչեղարկի Ռուսաստանի ներսում կատարվող վճարումների միջնորդավճարները, կբարձրացնի հաշիվների մնացորդների տոկոսադրույքները և կտրամադրի արտոնյալ պայմաններ հարթակից հասույթի արագ դուրսբերման համար, այդ թվում՝ օվերդրաֆտի սահմանաչափերի միջոցով։ Այս արտոնությունները կգործեն ավտոմատ՝ առանց դիմում ներկայացնելու։
Նման աջակցության մասին հայտարարել է նաև «Սբերբանկ»-ը, որն սկսել է ընդունել Wildberries-ի պահեստներում ապրանք կորցրած բիզնեսի վարկերի վերակառուցման հայտերը, ինչպես նաև վաճառողների համար գործարկել է անվճար խորհրդատվություն։






































