«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գարիկ Ծառուկյանի պաշտպանական կողմը բողոք է ներկայացրել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան՝ նրան կալանավորելու որոշման դեմ, հայտարարել է փաստաբան Էմին Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ բողոքում մանրամասն ներկայացվել են առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի խախտումները, հիմնավոր կասկածի, ձերբակալման և կալանքի իրավաչափության, ինչպես նաև այլընտրանքային խափանման միջոցների կիրառման հնարավորության վերաբերյալ պաշտպանության կողմի փաստարկները։
Պաշտպանության կողմը հույս է հայտնել, որ վերաքննիչ դատարանը կտրամադրի գործի հանգամանքների լիարժեք, օբյեկտիվ և անաչառ գնահատական՝ ապահովելով արդար դատաքննության և անձի ազատության իրավունքի արդյունավետ պաշտպանությունը։
Հուլիսի 6-ի առավոտյան Ծառուկյանի բնակարանում, ինչպես նաև ավելի քան 70 ընկերությունում խուզարկություններից հետո նրան ձերբակալել էին, հուլիսի 7-ին՝ կալանավորել։ Ծառուկյանի ձեռարկությունները շարունակում են փակ մնալ, այս ընթացքում «Արարատցեմենտ» ընկերությունը դատարանը հանձնել է պետության կառավարմանը, իսկ «Մուլտի Ուելնեսի» շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին։
Ծառուկյանը ներգրավված է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու, ինչպես նաև ենթադրյալ փողերի լվացման վարույթներում։ Ծառուկյանին մեղադրում են նաև ապօրինի որսի մեջ, և այդ վարույթի շրջանակում նրա առաձնատնից առգրավվել էին կենդանիների խրտվիլակներ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, առյուծներից մեկը քնեցումից չէր արթնացել։ Ծառուկյանն իրեն առաջադրված մեղադրանքներն անվանել էր «սուտ» և «փուչիկ»։






































