Հուլիսի 17-ի գիշերն ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի հարավում գտնվող Բանդար Համիր (Բանդար-է-Խեմիր) քաղաքի կամուրջներին, ինչի հետևանքով 7 մարդ է մահացել, «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ հայտնել է Press TV-ն։
Ըստ լրատվականի՝ ևս 9 մարդ վիրավորվել է և ներկայումս բուժվում է հիվանդանոցներում։ Կամուրջներից մեկը Բանդար Աբբասը կապում է Ֆարս նահանգի Լար քաղաքի հետ։ Հարձակումը, կայքի տեղեկություններով, տեղի է ունեցել մեքենաների ակտիվ շարժի ժամանակ, ինչի հետևանքով որոշ մարդիկ ընկել են կամրջից։
Լրատվականի հաղորդմամբ՝ ամերիկյան հարվածների թիրախում են հայտնվել հարավային շրջանների ռազմավարական ենթակառուցվածքները։
Հարվածներ են հասցվել Հորմուզի նեղուցի մոտ գտնվող օդանավակայանին, Բանդար Համիրի 4 կամրջի, ինչպես նաև երկրի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգի Իրանշահր օդանավակայանին։
Fars գործակալությունը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնում է Պարսից ծոցի ափին գտնվող Բուշեհր քաղաքի ավիաբազային և ռազմածովային բազային հասցված հարվածների մասին։ Թիրախների թվում էին նաև Քեշմ կղզին, Բանդար Աբբաս նավահանգիստը և երկրի հարավ-արևմուտքում գտնվող Ահվազ արդյունաբերական քաղաքը, նշել է կայքը։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է Իրանի ներսում թիրախների ուղղությամբ լրացուցիչ հարվածների ալիքի ավարտի մասին։ Գործողության մեջ ներգրավվել են կործանիչ ինքնաթիռներ, անօդաչու թռչող սարքեր և ռազմանավեր։
Ամերիկյան կողմի տվյալներով՝ հաջողվել է ոչնչացնել իրանական ռազմական զինամթերք, ափամերձ հսկողության օբյեկտներ և հակաօդային պաշտպանության համակարգեր։



































