ՀՀ-ն պետք է արձագանքի Իրանի սահմանների մոտ ԱՄՆ-ի ներկայության հնարավոր ռիսկերին, մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի հետ ռազմական գործողությունների ֆոնին TRIPP (Trump Route for International Peace and Prosperity, «Թրամփի՝ միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղի») նախագծի իրականացումը։
Դեսպանի խոսքով՝ Իրանին ՀՀ կառավարությունից հավաստիացրել են, որ TRIPP նախագծի իրականացման համատեքստում որևէ մարտահրավեր կամ սպառնալիք Իրանի համար չի ստեղծվի։
Այդուհանդերձ, իրանական կողմը ՀՀ-ին հորդորում է ապաշրջափակման գործընթացին զուգահեռ՝ հստակ մեխանիզմներով կառավարել Վաշինգտոնի հնարավոր ներկայության ռիսկերը, նշել է դեսպանը։
«Պետք է ձևավորվի այնպիսի մեխանիզմ, որը թույլ կտա Հայաստանին իրացնել ապաշրջափակման ամբողջ ներուժը։ Միաժամանակ, դրան զուգահեռ, պետք է կառավարել և հստակ արձագանք տալ ԱՄՆ ներկայության հնարավոր ռիսկերին ու Իրանի դեմ ուղղված սպառնալիքներին»,- նշել է Շիրղոլամին։
Երևանն ու Թեհրանը շարունակում են ռազմավարական գործընկերության համաձայնագրի տեխնիկական մշակումը, ինչի շուրջ երկու երկրների ղեկավարները հստակ հավաստիացումներ են փոխանակել, հայտնել է դեսպանը։
«Իրանն իր կողմից հետամուտ քայլեր է ձեռնարկում ռազմավարական գործընկերության համապարփակ փաստաթղթի ստորագրման համար և այս ճանապարհին շարունակում է վճռական քայլեր ձեռնարկել»,- հավաստիացրել է նա։
Դեսպանի խոսքով՝ այս պահին փաստաթուղթը կազմելու ու հստակեցնելու շուրջ աշխատանքներ են տարվում։
«Այս փաստաթղթով, կարծում եմ, հայ-իրանական հարաբերություններում նոր մթնոլորտ կձևավորվի, և նոր հնարավորություններ կստեղծվեն հետագա համագործակցության համար։ Այն հստակ ուղենիշներ կտա տարբեր ոլորտներում՝ քաղաքական, անվտանգության, ներդրումային, տնտեսական և պաշտպանական ուղղություններով համագործակցության զարգացման համար»,- ընդգծել է Շիրղոլամին։
Անդրադառնալով երկրների միջև առևտրաշրջանառությանը՝ դեսպանն ասել է, թիրախային 3 մլրդ նշաձողին հասնելու համար ներկայիս 700 միլիոն դոլարի ցուցանիշը պետք է քառապատկվի։
Խոսելով էներգետիկայի ոլորտում երկրների միջև փոխկապվածության մասին՝ նա ասել է՝ իրանական կողմը հույս ունի, որ Հայաստանը կկարողանա ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ իրանական հումքի վերամշակման համար։
«Էներգետիկայի ոլորտում մենք կարող ենք երկու երկրների միջև էներգետիկ փոխկապվածության նոր աստիճանի հասնել։ Հուսով ենք՝ Հայաստանը նաև կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի դուրս»,- շեշտել է դեսպանը։
Նա հույս է հայտնել, որ կամրապնդվի կապն Իրանի և Մեղրիի ազատ տնտեսական գոտու միջև, իսկ տարանցման համատեքստում կապահովվի Ջուլֆայից մինչև Սև ծով հասնող երկաթգծի գործարկումը։
TRIPP տրանսպորտային երթուղի ստեղծելու մասին հռչակագիրը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ ստորագրել էին օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնում: Հունվարի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ստորագրել էին TRIPP նախագծի իրականացման մասին հռչակագիրը: Նախաձեռնության իրականացման համար կստեղծվի TRIPP զարգացման ընկերությունը, որտեղ բաժնետոմսերի 74%-ը կստանա ԱՄՆ-ն՝ նախնական ներդրումների դիմաց, իսկ 26%-ը՝ Հայաստանը:





































