Իսրայելի կառավարության առաջիկա նիստում կներկայացվի բանաձևի նախագիծ՝ Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման վերաբերյալ, հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը X-ի իր էջում։
Սաարի խոսքով՝ Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչումը «բարոյական և պատմական պարտք է»։
Սաարը նաև ընդգծել է պատմական ճշմարտության ժխտումը, նվազեցումը կամ խեղաթյուրումը խստորեն դատապարտելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ բանաձևը հետագայում կներկայացվի Քնեսեթի քվեարկությանը։
Սաարի հայտարարությունը հնչել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին գովաբանելուց մեկ օր անց, ինչպես նաև Վաշինգտոնի կողմից Թուրքիային F-35 կործանիչների հնարավոր վաճառքի քննարկումների ֆոնին։ Ynet պարբերականը նշում է, որ Իսրայելի նման քայլը, ամենայն հավանականությամբ, դժգոհություն կառաջացնի Էրդողանի մոտ։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահը կարող էր աջակցել Իրանին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունում, քանի որ «Իսրայելի մեծ երկրպագու չէ», սակայն Վաշինգտոնի խնդրանքով չի միջամտել։
Իսրայելը շարունակում է պաշտոնական մակարդակով չճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ չնայած քաղաքական գործիչների առանձին հայտարարություններին և խորհրդարանում այս հարցի պարբերական քննարկումներին։ Թեման շարունակում է զգայուն մնալ իսրայելական արտաքին քաղաքականության համար և, մասնավորապես, կապված է Թուրքիայի և Ադրբեջանի հետ երկրի հարաբերությունների հետ։ Թուրքիան մնում է Իրանում, Գազայում և Լիբանանում Իսրայելի գործողությունների ամենախիստ քննադատներից մեկը։ Անկարան դադարեցրել է Իսրայելի հետ առևտուրը և միջազգային դատարաններում քայլեր է պահանջում նրա դեմ։
Կարդացեք նաև՝
Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստին պետությունը․ ԱԳՆ






































