Գործարար, ֆերմեր Հարություն Մնացականյանն Armenia Today-ի «Խոսենք գլխավորի մասին» հաղորդման ընթացքում անդրադարձել է դեպի Ռուսաստան արտահանման սահմանափակումների հետևանքով ստեղծված իրավիճակին և դրա ազդեցությանը Հայաստանի գյուղատնտեսության վրա։
Մնացականյանը խոսել է ամենամեծ ռիսկերի տակ հայտնված ոլորտների, պետական աջակցության արդյունավետության, շուկաների դիվերսիֆիկացիայի և արտահանման նոր ուղղություններ գտնելու հնարավորությունների մասին։
«Մեր իշխանությունը դիվերսիֆիկացիայի փոխարեն այս ութ տարիների հնարավորինս մեծացրել է ռուսական շուկայից կախվածությունը։ Ոչ թե դիվերսիֆիկացիա է արել, այլ նաև կտրել է մի հսկա շուկայից, որից կախվածություն ունենք»,- նշել է նա։
Մնացականյանի փոխանցմամբ՝ այսօր ամենամեծ ռիսկի տակ ծաղիկ արտադրողներն են։
«Ծաղիկ արտահանողները ոչ նախանձելի վիճակում են հայտնվել, որովհետև ծաղիկը, եթե չարտահանես, ո՛չ կարող ես վերամշակել, ո՛չ պահպանել»,- ասել է նա։
Իսկ պետական աջակցության գործիքների մասին խոսելիս նա հավելել է. «Այդ սուբսիդիաները, ենթադրենք, ընդհանուր ծավալի 3%, 2%-ի չափով են արվում, ինչն այս ահռելի մեծ կորստի մեջ չերևացող չնչին թիվ է»։
Մնացականյանը ներկայացրել է, թե ինչ քայլեր պետք է իրականացվեին, որպեսզի հայկական արտադրանքը կարողանար մրցունակ լինել եվրոպական շուկայում։ Նա նշել է նաև, թե ինչու է ԵՄ շուկա մուտք գործելն այսօր չափազանց բարդ։
«ԵՄ շուկա մտնելու համար լրջագույն տնային աշխատանք է պետք կատարել, լրջագույն, այդ տնային աշխատանքը եթե չանենք, մենք երբեք չենք կարող մտնել և երկարաժամկետ հարաբերություններ ստեղծել եվրոպական շուկայի հետ։ Բացարձակ մրցունակ չենք եվրոպական շուկայում սպիրտային խմիչքների առումով»,- ընդգծել է գործարարը։
Նա նաև համեմատել է Հայաստանի, Ուզբեկստանի և Վրաստանի փորձը գյուղատնտեսական քաղաքականության և արտահանման զարգացման հարցում։
«Ուզբեկստանը փայլուն օրինակ է շուկայի դիվերսիֆիկացման հետ կապված։ Ուզբեկստանը կիրառում է ճիշտ, թիրախային նպատակահարմարությամբ քաղաքականություն, իսկ մեզ մոտ խոսում են օդում ու հողի վրա չեն կատարում որևէ գործողություն»,- արձանագրել է բանախոսը։
Ֆերմերը նաև գնահատել է ստեղծված ճգնաժամի հնարավոր երկարաժամկետ հետևանքները և ներկայացրել իր տեսլականը ոլորտի զարգացման վերաբերյալ։
«Փոքրամասշտաբ, նեղ մտածողության մարդիկ երբեք չեն կարող մեծ գործեր անել։ Եթե դու չունես խոշորամասշտաբ մտածողություն, 500 կգ ծիրան Ֆրանսիա արտահանելով միայն կարող ես ցույց տալ, թե գրավեցիր ֆրանսիական շուկաները»,- եզրափակել է նա։
Մայիսի վերջից և հունիսի սկզբից «Ռոսսելխոզնադզորն» արգելել էր Հայաստանից ծաղիկների, մրգերի, բանջարեղենի և չրերի ներմուծումն ու տարանցումը ՌԴ, ինչպես նաև պահանջել էր կասեցնել ձկնամթերքի և ձկան անասնաբուժական սերտիֆիկատների ձևակերպումը և հայտնել անորակ ալկոհոլային արտադրանքի հայտնաբերման մասին։ Սահմանափակումները կգործեն մինչև հայկական կողմը մշակի անվտանգության ապահովման համապատասխան ընթացակարգ։
Այս ֆոնին Հայաստանի իշխանությունները հունիսի սկզբին հայտարարել էին այլ երկրներ արտահանման հնարավորության և ՌԴ սահմաններից վերադարձվող ապրանքների սուբսիդավորման մասին։ Միաժամանակ, Երևանից ընդգծել էին, որ նպատակ չունեն ռուսական շուկայից արտահանումը վերաուղղել դեպի Եվրոպա։
Հունիսին Հայաստանից Լատվիա արտահանվել էր 5500, Լիտվա՝ 11 000, իսկ Ուկրաինա՝ 9500 ծաղիկ։ «Ռոսսելխոզնադզորում» նշել էին, որ 2025-ին ՌԴ-ում ծաղիկների ներմուծման ծավալը կազմել էր 96,2 մլն (հատ)։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մինչ այժմ հայկական խմիչքների, սննդամթերքի և ծաղիկների արտահանման 84%-ից մինչև 98%-ն ուղղվել է ռուսական շուկա։
Financial Times պարբերականը հայտնել էր, որ ՌԴ սահմանափակումների ֆոնին Եվրահանձնաժողովը Հայաստանի հետ առևտրային հարաբերությունները բարելավելու նպատակով հրատապ կարգով միջոցառումների փաթեթ է պատրաստում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Կարդացեք նաև




































