Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փոխտնօրեն Էդուարդ Գալստյանը և «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արեգա Հովսեփյանը քննադատել են զոհված զինծառայողների պատկերների հեռացումը պատերից՝ տեղի ունեցածը որակելով հերոսների հիշատակը ջնջելու փորձ։
Գալստյանը հիշեցրել է, որ տարիներ առաջ համալսարանական ընկերներով են նախաձեռնել Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների դիմանկարների ստեղծումը համալսարանի հարակից տարածքում, որպեսզի դրանք ուսանողների համար արիության օրինակ և հայրենիքում ապրելու ու արարելու իրավունքի գնի մասին հիշեցում լինեն։
«Տարիներ առաջ, երբ համալսարանական ընկերներով նախաձեռնեցինք քառօրյա պատերազմի հերոսների նկարների` համալսարանի հարակից տարածքներում պատկերելու գործը, նպատակ ունեինք ուսանողներին ներշնչանքի ու ոգևորության աղբյուր, կյանքի օրինակ ցույց տալու, ստիպելու, որ հավերժ հիշեն` ի՞նչ են զոհել իրենց հասակակիցները` հանուն հայրենիքում ապրելու ու արարելու իրենց իրավունքի»,- գրել է նա։
Գալստյանի կարծիքով՝ իշխանությունները «վախենում են հիշողությունից»։ Նա կոչ է արել պատմական հիշողությունը պահպանել ընտանիքներում, երեխաներին պատմել հերոսների մասին, նրանց հետ այցելել թանգարաններ և դա անվանել է «դիմադրության լավագույն ձև»։
«Գիտե՞ք` ինչից է վախենում Նիկոլն (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան-խմբ․) ամենաշատը: Մեր հիշողությունից, մեր երեխեքի հիշողությունից: Ասածս գուցե առաջին հայացքից շատ պրիմիտիվ հնչի, բայց տանը Արարատի նկար կախեք, որպես սեղանի գիրք` Աստվածաշունչ ու Նարեկ ունեցեք` երեխեքի աչքին հասանելի տեղում, երեխեքին մեր հերոսների թանգարաններ տարեք ու պատմեք նրանց մասին: Սա դիմադրության լավագույն ձևերից է»,- շեշտել է նա։
Դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նա հայտարարել է, որ պատմությունը «ջնջելու» փորձերը հաջողությամբ չեն պսակվի, և համոզմունք է հայտնել, որ կառավարության ղեկավարը «կմնա հիշողության մեջ որպես մարդ, ով հանձնեց Արցախն ու սպանեց մեր հերոսներին»։
«Ինչքան էլ փորձես ջնջել պատմությունն ու դա դարերով պահպանած եկեղեցին, չի ստացվելու: Դու, մեկ ա, դարերով հիշվելու ես` որպես մարդ, ով հանձնեց Արցախն ու սպանեց մեր հերոսներին: Ես քեզ խոստանում եմ: Դրանից պրծում չունես: Քանի մենք մեր երեխեքին պատմում ենք մեր հերոսների մասին` դու միշտ կմնաս էս պատմության հակահերոսը»,- հայտարարել է նա։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուչ Արեգա Հովսեփյանը նույնպես հայտարարել է, որ ազգային հերոսների արժեզրկումը հասարակության բարոյալքման դասական մեթոդներից է։
«Հասարակության բարոյալքման դասական մեթոդներից մեկն ազգային հիշողության և ազգային հերոսների արժեզրկումն է։ Քաղաքագիտության և սոցիալական հոգեբանության ոլորտներում վաղուց է հայտնի, որ ժողովուրդների դիմադրողականությունը հիմնված է ոչ միայն բանակի կամ տնտեսության, այլև հավաքական հիշողության վրա։ Երբ պետական կառույցները հեռացնում կամ ստվերում են ազգային հերոսների պատկերները, դա ընկալվում է որպես քաղաքական ուղերձ․ հասարակությանը զրկել իր օրինակներից, թուլացնել ազգային ինքնագիտակցությունը և խզել սերունդների միջև կապը»,- շեշտել է նա։
Հովսեփյանի խոսքով՝ իշխանությունները 2018 թվականից հետևողականորեն զբաղված են «մեր հերոսների, մեր հաղթանակների նսեմացմամբ», քանի որ հաղթանակները մոռացած հասարակությանը հեշտ է համոզել, որ «մենք թույլ ենք և միշտ պարտվել ու պարտվելու ենք»։
Հրապարակված տեսաուղերձում Հովսեփյանը հայտնել է, որ ընդամենը մի քանի օր առաջ Երևանի պատերից մեկին Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի նկարն էր, սակայն այժմ այն ջնջված է։ Նրա խոսքով՝ գետնանցումները մաքրելու պատրվակով իշխանությունները հեռացնում են հայ հերոսների պատկերները՝ միաժամանակ պահպանելով պատերի այլ գրառումներ։
«Դուք կեղծ եք, դուք ընտրակեղծարար եք և փորձում եք կեղծել մեր պատմությունը, մեր հիշողությունը, բայց մենք կանք, մենք հիշում ենք մեր հերոսների մեր հաղթանակները և ձեզ մոտ չի ստացվելու, քանի որ դուք մեզ լավ չեք ճանաչում»,- հայտարարել է Հոսեփյանը։
Մեկ այլ տեսաուղերձում Հովսեփյանը նշել է, որ նմանատիպ եղանակով Բաղրամյան պողոտայում հեռացվել են ևս երեք հայ զինծառայողների պատկերներ։
«Սիրելի հայրենակիցներ, Ռոբերտ Աբաջյանի նկարի ջնջելը պատահական չէր։ Բաղրամյան պողոտայի վրա եմ, այստեղ ևս կային երեք մեր հերոսների նկարները, որ արդեն չկան, չկան, որովհետև Նիկոլ Փաշինյանը խոստացել է Իլհամ Ալիևին հայ ժողովրդի հիշողությունից ջնջելու ամեն հայկականը, հայ հերոսներին և մեր հաղթանակները, բայց նա հաշվի չի առել, որ հայ ժողովուրդը չի կորցրել իր դիմադրողականությունը և չի կորցրել և չի կորցնելու իր հիշողությունը»,- ասել է «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչը։
Ավելի վաղ 44-օրյա պատերազմում զոհված կրտսեր սերժանտ Հայկազ Մկրտչյանի քույրը՝ Արևիկ Մկրտչյանը հայտնել էր, որ նրա դիմանկարով որմնանկարը ջնջել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մոտ գտնվող գետնանցման պատից։ Նա հայտարարել էր, որ իշխանությունները պայքար են մղում զոհված զինծառայողների պատկերների դեմ և փորձում են ջնջել նրանց հիշատակը։
Երևանի քաղաքապետարանը հունիսի 13-ին հայտնել էր, որ որմնանկարներ և գրաֆիտիների պատկերումը պահանջում է քաղաքապետարանի կամ վարչական շրջանի աշխատակազմի նախնական թույլտվություն։ Քաղաքապետարանում ընդգծել էին, որ առանց համապատասխան համաձայնեցման իրականացված պատկերները ենթակա են հեռացման, իսկ վեճի դեպքում հարցը կարող է լուծվել դատական կարգով։






































