Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակն «առանց ժամանակային սահմանափակումների» կմնա Լիբանանի և Սիրիայի, ինչպես նաև Գազայի հատվածի անվտանգության գոտիներում։ Նա այս հայտարարությունն արել է Իսրայելի պաշտպանության բանակի մարտական ստորաբաժանումների սպաների ավարտական արարողության ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Եթե Թեհրանը հարձակվի Իսրայելի վրա Լիբանանում գործողությունների պատճառով կամ որևէ այլ պատճառով, մենք կհարձակվենք նրա վրա մեր բոլոր ուժերով՝ այնպես, որ հստակ ցույց տա մեր միջև ուժերի անհավասարությունը»,- հավելել է Իսրայելի պաշտպանության նախարարը։
Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով Պետդեպարտամենտի պաշտոնյային, հայտնել էր, որ Իսրայելը դուրս է եկել Լիբանանի հարավում գտնվող բուֆերային գոտու մի մասից։ Մեկնաբանելով այս պնդումները՝ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը նույն օրը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Իսրայելը զորքերը դուրս չի բերել Լիբանանի հարավից, անվտանգության գոտում գտնվող զինվորների դիրքը չի փոխվել։
Շվեյցարիայում հունիսի 21-ին ավարտվել էր ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների առաջին փուլը, որը հիմնականում կրել էր տեխնիկական բնույթ։ Կողմերը, ըստ տեղեկությունների, համաձայնության էին եկել Լիբանանում Իսրայելի և Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլահ» շարժման միջև ռազմական գործողությունները դադարեցնելու մեխանիզմի շուրջ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ իսրայելական ուժերը կմնան Լիբանանի հարավում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի Իսրայելի ժողովրդին պաշտպանելու համար։ ԱՄՆ-ի հովանու ներքո լիբանանա-իսրայելական բանակցությունների հինգերորդ փուլն ընթացել էր Վաշինգտոնում հունիսի 23-25-ը:





































