Լիբանանը բանակցություններ է վարում Իսրայելի հետ՝ օկուպացիան դադարեցնելու և ինքնիշխանությունը վերականգնելու համար «իր հողի յուրաքանչյուր սանտիմետրի վրա», Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը։
«Վերջին օրերի իրադարձություններն ապացուցեցին, որ մեր ընտրությունն ուղիղ երկկողմ բանակցությունների օգտին ճիշտ էր, և դրանց հինգերորդ փուլը, որը տեղի է ունենում Վաշինգտոնում, կարող է վճռորոշ լինել», - ընդգծել է նա։
Աունը հստակեցրել է, որ Լիբանանը ձգտում է ազատության ոչ միայն իսրայելական օկուպացիայից, այլև իրանական խնամակալությունից: «Բանակցություններն ազգային նպատակներին հասնելու միակ միջոցն են, ուստի մեր հույսը լիբանանյան պետության վրա է, որը կապահովի ազատություն և արժանապատվություն», - նշել է նա։
Ավելի վաղ նախագահական գրասենյակը հայտնել է, որ Աունը երեքշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ: Նա նրանց հետ քննարկել է Լիբանանի մասնակցությունը տարածաշրջանում ռազմական նոր սրացումը կանխելու համար ստեղծված համակարգող մարմնին։
ԱՄՆ-ի հովանու ներքո լիբանանա-իսրայելական բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա Վաշինգտոնում հունիսի 23-25-ը: Ինչպես հաղորդել է «Աշարք ալ-Աուսաթ» թերթը, դիվանագետ Սայմոն Քարամի գլխավորած լիբանանյան պատվիրակությունը պնդելու է քննարկել իսրայելական զորքերի հարավային շրջաններից դուրսբերման ժամանակացույցը՝ Լիբանանի կողմից Լիտանի գետից հարավ գտնվող տարածքը «անվտանգ, զենքից զերծ գոտու» վերածելու պարտավորության դիմաց:
Շվեյցարիայում հունիսի 21-ին ավարտվել էր ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների առաջին փուլը, որը հիմնականում կրել էր տեխնիկական բնույթ։ Կողմերը, ըստ տեղեկությունների, համաձայնության էին եկել Լիբանանում Իսրայելի և Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլահ» շարժման միջև ռազմական գործողությունները դադարեցնելու մեխանիզմի շուրջ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ իսրայելական ուժերը կմնան Լիբանանի հարավում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի Իսրայելի ժողովրդին պաշտպանելու համար;






































