ԱՄԷ-ում գործող հայկական ընկերություններն արտոնություններ կստանան տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության և շինարարության ոլորտներում։ ՀՀ կառավարությունը հունիսի 25-ին Armenia Today-ի YouTube-յան ալիքով հեռարձակված նիստի ընթացքում հաստատել է «Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին» համապատասխան համաձայնագիրը։
Փաստաթուղթը կներկայացվի խորհրդարանի վավերացմանը։ Այն ստորագրվել է 2026 թվականի փետրվարին Աբու Դաբիում՝ Եվրասիական տնտեսական միության և ԱՄԷ-ի միջև տնտեսական համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունների շրջանակներում։ Նշվում է, որ համաձայնագրի նպատակն է ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև ծառայությունների առևտրի և ներդրումների իրականացման գործընթացների ազատականացումը։
Համաձայնագիրը նախատեսում է ծառայությունների առևտրի և ներդրումների ոլորտում խոչընդոտների փոխադարձ վերացում, տնտեսական արդյունավետության բարձրացում և բարենպաստ պայմանների ստեղծում՝ ընդլայնելով տնտեսական համագործակցությունը և փոխշահավետ օգուտները, ինչպես նաև նպաստելով երկկողմ տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը և երկուստեք նոր շուկաների բացահայտմանը։
Էմիրաթական կողմի համար նախատեսվել են արտոնություններ գյուղատնտեսական, որսորդական, անտառտնտեսություններին առնչվող, ինչպես նաև ինժիներիայի ոլորտներում գիտատեխնիկական խորհրդատվության, առողջապահական, կրթական, բնապահպանական և փոստային ծառայությունների մատուցման մասով։
2025 թվականի օգոստոսին ՀՀ-ն և ԱՄԷ-ն ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև բանակցությունների շրջանակներում ստորագրել էին ծառայությունների և ներդրումների առևտրի ազատականացման մասին համաձայնագիր։ 2023 թվականի դեկտեմբերից ի վեր Հայաստանի քաղաքացիները կարող են մուտք գործել Միացյալ Արաբական Էմիրություններ և այնտեղ մնալ առանց վիզայի մինչև 90 օր: Նմանատիպ առանց վիզայի մուտքի կանոններ են սահմանվել նաև ԱՄԷ քաղաքացիների համար:





































