Խորհրդարանական ընտրություններում սահմանադրական մեծամասնությունից զրկվելուց հետո Հայաստանի իշխանություններն արևմտյան միջնորդների միջոցով փորձում են համոզել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ հրաժարվել ՀՀ սահմանադրությունը փոփոխելու պահանջից, գրել է «Հրապարակ» թերթը՝ վկայակոչելով կառավարական շրջանակների իր աղբյուրներին։
Պարբերականի տեղեկություններով՝ դրա դիմաց Երևանը Բաքվին առաջարկում է այլընտրանքային լուծումներ, մասնավորապես՝ բացառել երկրում ռևանշիստական տրամադրությունների հետագա զարգացումը։
2023 թվականից ի վեր Ալիևը ՀՀ սահմանադրության փոփոխությունը համարում է վերջնական խաղաղության պայմանագիր կնքելու հիմնական պայմաններից մեկը, 2026 թվականի փետրվարին նա կրկնել է իր այդ պահանջը։ Ըստ Բաքվի՝ ՀՀ սահմանադրությունում Անկախության հռչակագրին հղումը խնդրահարույց է։
Զուգահեռ՝ նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին սկսել էր բարձրաձայնել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ վարչապետի՝ Անկախության հռչակագրին հղումը կոնֆլիկտային է։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել էր, որ նախագծի տեքստը կհրապարակվի մարտին, որից հետո իշխանությունները մտադիր են սկսել իրազեկման արշավ, սակայն այն այդպես էլ չհրապարակվեց։ Հունիսի 10-ին նախարարը հայտարարել է, որ Սահմանադրության նոր նախագծի հրապարակման վերաբերյալ որոշումը կկայացվի առաջիկա շաբաթներին՝ չհստակեցնելով ճշգրիտ ժամկետը։



































