Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի 10-ից ավելի հոգևորական Հայաստան կատարած այցի ընթացքում ստացել է վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագիր և չի կարողացել վերադառնալ իրենց ծխական համայնքներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով թեմի մամուլի ծառայությանը:
Նշելով, որ դրա հետևանքով ծխական համայնքների բնականոն գործունեությունը խաթարվել է, թեմից ընդգծել են, որ, «այնուամենայնիվ, հոգևորականները պատրաստ են կատարել իրենց պարտականությունը հայրենիքի նկատմամբ»:
Թեմը նաև մեկնաբանել է այն տեղեկությունները, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) արգելել է երկու հոգևորականի վերադառնալ Ռուսաստան:
«Քահանա Արսեն Իսրայելյանը (Սուրբ Սարգիս եկեղեցի, Վորոնեժ) և քահանա Երեմիա Վարդանյանը (Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Իժևսկ), որոնք նախկինում ծառայել են բանակում որպես հոգևորականներ, արդեն մասնակցում են վարժական հավաքին»,- գործակալությունը մեջբերել է թեմի խոսքերը:
Լրագրող Սյուզի Բադոյանն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ ԱԱԾ-ն արգելել է երկու հոգևորականի վերադառնալ Ռուսաստան:
Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին «Զվարթնոց» օդանավակայում հերթափոխություն էին սկսել Ռազմական ոստիկանության աշխատակիցները և, ըստ տեղեկությունների, Ռուսաստանից ժամանած մինչև 55 տարեկան ՀՀ քաղաքացիներին ուղարկում են պարտադիր 25-օրյա վարժական հավաքների։
ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանել էր, որ սահմանային անցակետերում Ռազմական ոստիկանության աշխատակիցները միայն օժանդակում են զինկոմիսարիատներին՝ զինապարտ քաղաքացիներին հաշվառելու և պահեստազորայինների պատրաստության միջոցառումներում ներգրավելու գործում։
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հունիսի 15-ին հայտարարել էր, որ ընտրություններին նախորդող օրերին մի քանի հազար քաղաքացիների՝ Ռազմական ոստիկանության հաշվառումների հիմքով, թույլ չէին տվել հատել ՀՀ սահմանը։






































