«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը վերջին մեկ տարվա ընթացքում թվով 22 հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով հերքել իր հասցեին հնչեցված զրպարտությունները և ներողություն խնդրել վիրավորանքի համար՝ բարձրացնելով նաև փոխհատուցման հարց, հայտնում է «Փաստինֆոն»։
Նշվում է, որ Կարապետյանը հայցեր է ներկայացրել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի, ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանի, Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի, Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի, որպես քաղաքագետ ներկայացող Հարություն Մկրտչյանի, Ռուբեն Մեհրաբյանի, Լևոն Շիրինյանի, Ազատ Արշակյանի, բլոգերներ Ռոման Բաղդասարյանի և Լուսինե Քեսոյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ՝ պահանջելով հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները և ներողություն խնդրել՝ վիրավորանքի համար։
Առանձին հայցեր են ներկայացվել նաև ՔՊ կուսակցության, ինչպես նաև՝ Հանրային ՀԸ դեմ։ Հայցերով բարձրացվում է նաև բարոյական վնասի փոխհատուցման հարց։ Ընդ որում, որոշ անձանց, օրինակ՝ Բաղդասարյանի, Քեսոյանի, Մեհրաբյանի դեմ Կարապետյանը մի քանի հայց է ներկայացրել։ Որոշ հայցերի շրջանակներում նաև հայցի ապահովման միջոցներ են կիրառվել։ Հայցերի մի մասով արդեն կան կայացված վճիռներ, օրինակ՝ Մկրտչյանի դեմ հայցը բավարարվել է, Քեսոյանի դեպքում ևս հայցը մասնակի բավարարվել է։
Թորոսյանի դեմ հայցը մերժվել է, այժմ հայցվոր կողմը բողոքարկել է դատական ակտը։ Հայցադիմումները մեծամասամբ ներկայացվել են Կարապետյանի կալանավորման առաջին հինգ ամիսներին՝ ի պաշտպանություն եկեղեցու հայտարարությունից հետո Կարապետյանի նկատմամբ հրապարակային «հարձակումների» ֆոնին։ Օրինակ, Բաղդասարյանի դեմ հինգ հայց կա ներկայացված, վերջինս, ինչպես նկատում է հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Վարդան Ալոյանը, ծիծաղելի, էժանագին ձևով է փորձում խուսանավել՝ պնդելով, թե իր ֆեյսբուքյան էջով ինքը չէ ուղիղ եթեր մտնում, ինքն էջի հետ կապ չունի։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ևս այս ամիսների ընթացքում 11 հայց է ներկայացրել՝ զրպարտության հերքման պահանջով։





































