Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի մեջ տեսնում է ՌԴ մասնակցությամբ ինտեգրացիոն միավորումներին հարված հասցնելու փորձեր, հայտնել է Vesti.ru-ն։
Նրա խոսքով՝ «կանոնների վրա հիմնված կարգի» կողմնակիցները փորձում են թուլացնել այն ինտեգրացիոն կառույցները, որոնցում ներգրավված է Ռուսաստանը։ Ինչպես նաև փորձեր են արվում վերանայել պատմական և աշխարհագրական կապերը առանց տարածաշրջանի ժողովուրդների և պետությունների միջև ձևավորված պատմական իրողություններն ու երկարամյա հարաբերությունները հաշվի առնելու։
«Մենք տեսնում ենք կանոնների վրա հիմնված կարգի կողմնակիցների համառ փորձերը՝ հարված հասցնելու ինտեգրացիոն միավորումներին, որոնց անմիջականորեն մասնակցում է մեր երկիրը»,- նշել է Ուշակովը։
Անդրադառնալով Հայաստանում անցած ընտրություններին, Ուշակովը նշել է, որ Փաշինյանին օգնել էր ԱՄՆ-ն, ինչպես նաև Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանը։
Մեկնաբանելով Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը, Ուշակովը հայտարարել է, որ Երևանի իշխանությունները փորձում են «նստել երկու աթոռի վրա»։ Նրա խոսքով՝ Հայաստանին շահավետ է Ռուսաստանի հետ երկկողմ համագործակցությունը, իսկ երկրի տնտեսական զարգացումը մեծապես պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությանը մասնակցությամբ։
«Ցավոք, Երևանում շարունակում են փորձել հավատարիմ մնալ, այսպես ասած, երկու աթոռի վրա նստելու քաղաքականությանը։ Թե որքան երկար կարելի է այդպիսի դիրքում մնալ, չգիտեմ»,- հայտարարել է Ուշակովը։
Աստանայում ԵԱՏՄ միության չորս երկրների ղեկավարները հայտարարություն են ընդունել Հայաստանի վերաբերյալ։ Նա մանրամասնել է, որ փաստաթուղթը համաձայնեցվել է ԵԱՏՄ անդամ չորս երկրների ղեկավարների կողմից և պետք է հրապարակվեր ավելի ուշ։
Ուշակովը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը Հայաստանին «շատ առավելություններ» է տվել։ Նրա խոսքով՝ 2014 թվականից ի վեր Հայաստանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն «գրեթե կրկնապատկվել է»։ Ուշակովը նշել է, որ մինչև ԵԱՏՄ-ին անդամակցելը Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 11,6 մլրդ դոլար, իսկ հետագայում հասել է 20,2 մլրդ դոլարի։
Ուշակովը նաև նշել է Հայաստանի և ԵՄ-ի, և ԵԱՏՄ-ի միաժամանակ անդամակցության անհնարինության մասին և հավելել է, որ ԵԱՏՄ երկրները անհրաժեշտ են համարում քննարկել Հայաստանի՝ միությունից հնարավոր դուրս գալու հետևանքները։ Նրա խոսքով՝ այդ հարցը նախատեսվում էր քննարկել մայիսի 29-ին կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում։
«Նման քայլի հնարավոր հետևանքները քննարկելը, իհարկե, անհրաժեշտություն է թվում»,- շեշտել է Ուշակովը։
Մոսկվայի և Երևանի հարաբերությունները լարվել են՝ հայկական կողմից ՀԱՊԿ գործունեության քննադատության և Հայաստանի՝ Եվրամիության հետ կապերի ընդլայնման շուրջ հայտարարությունների ֆոնին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին հայտարարել էր, որ Հայաստանի դեպի ԵՄ կողմնորոշման դեպքում հնարավոր է «փափուկ և ինտելիգենտ ապահարզանի» ուղին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հնարավոր է համարել այդ երկու օրակարգի համատեղումը և ցանկություն է հայտնել Ռուսաստանի հետ բաց ու կառուցողական երկխոսությունը շարունակել, ինչպես նաև նպաստել երկկողմ համագործակցության ամրապնդմանը և առկա ներուժի լիարժեք օգտագործմանը։
Այս փուլում ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ-ից մի շարք ապրանքների ներմուծումը, կասեցրել ՌԴ-ում գտնվող խմբաքանակների իրացումը։ Ապրանքների թվում են ծաղիկները, «Ջերմուկ» հանքային ջուրը, խմիչքի առանձին խմբաքանակներ, մրգեր, բանջարեղեն, ինչպես նաև չրեր։ Հայկական ընկերությունների կողմից ձկան և ձկնամթերքի ներկրումը կասեցվել էր հունիսի 1-ին։
Կարդացեք նաև՝
ԵՄ-ն Հայաստանին 34 մլն եվրո է հատկացրել ՌԴ սահմանափակումները մեղմելու համար






































