Բևեռացման մասին իր զեկույցում նշել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության միջազգային դիտորդական առաքելությունը։ Freedom House-ն արձանագրել է, որ երկրում կա կուսակցական կտրուկ պառակտվածություն, որը խանգարում է երկխոսությանը։
Bertelsmann Transformation Index-ի տվյալներով՝ վերջին հինգ տարում բևեռացումն ավելի է սրվել ներքին և արտաքին իրադարձություններից հետո։
Հետընտրական հռետորաբանությունը նույնպես վկայում է բևեռացման միտումների մասին։
Իշխանությունները, որոնք 2018 թվականին արտաքին դիսկուրսում իրենց կողմնակիցներին ներկայացնում էին որպես «սպիտակներ», իսկ ընդդիմախոսներին՝ «սևեր», այժմ հայտարարում են, թե ընդդիմության օգտին քվեարկածների մեծ մասը ձայն է տվել կաշառքի դիմաց, իսկ իրենց ընտրողները, ի տարբերություն մյուսների, քվեարկում են հանուն խաղաղության։
Այս ֆոնին ընդդիմության ներկայացուցիչները հայտարարում են միավորվելու անհրաժեշտության մասին և կոչ անում չպառակտել հասարակությունը։
Armenia Today-ը հարցման միջոցով փորձել է պարզել, թե արդյոք հասարակության մեջ կա բևեռացում, ինչն է նպաստել դրա ձևավորմանը և ինչ ճանապարհով կարելի է միավորել հասարակությանը։
Հարցված քաղաքացիների մեծ մասն ասել է, որ հայ հասարակությունը բևեռացված է, և դրա պատճառը քաղաքականությունը և քաղաքական գործիչներն են։ Հարցված քաղաքացիներներից ոմանք իշխող ուժին են մեղադրել հասարակության բևեռացման համար։
«Բևեռացված է հասարակությունը։ Բոլոր քաղաքական ուժերը, և հատկապես այս պահին կառավարություն ձևավորող ուժը, հետևողականորեն նպաստել են, որ հասարակությունը դառնա բևեռացված»,- կարծիք է հայտնել քաղաքացին։
Հարցմանը մասնակցած քաղաքացիներից մեկի կարծիքով՝ հասարակության բևեռացման պատճառը խաբված լինելն է։
«Պատճառն այս խառը, վատ վիճակն է, մեծ մասը կարծում է՝ անելանելի վիճակում ենք, անհանդուրժողականությունն է շատացել, հիմնական պատճառը խաբված լինեն է»,- այսպես է մտածում քաղաքացին։
Մեկ այլ քաղաքացի համոզմունք է հայտնել, որ հասարակությունը բևեռացված է և դրա հնարավոր լուծումը Հայաստան-Սփյուռք միասնության մեջ է։
«Բևեռացում կա և դա նոր չէ Հայաստանում։ Տարբերություն են դնում մարդկանց սոցիալական ծագման, իրենց կրոնական ուղղվածության և այլնի մեջ։ Պետք է միասնություն լինի, ոչ թե տարանջատեն՝ գյումրեցիներ, տավուշցիներ, սյունեցիներ, ղարաբաղցիներ․ մի բուռ ազգ ենք»,- ասել է քաղաքացին։
Քաղաքացիների մես մասը բևեռացումը վտանագովոր է համարում նաև երկրի զարգացման և ամվտանգության տեսանկյունից։ Լուծումն ազգային գաղափարախոսության շուրջ միավորվելու մեջ են տեսնում։
«Բևեռացմանը նպաստել է քաղաքականությունը, քաղաքական ուղղությունները, սև-սպիտակի բաժանումը․ ուղղակի պետք է ազգային գաղափարախոսություն մշակվի, որը կկենտրոնանա երկիրը լավացնելու, արտաքին վտանգներից զերծ պահելու և ազգային մտածելակերպի շուրջ»,- դիրքորոշում է հայտնել քաղաքացին։
Հարցված մեկ այլ քաղաքացի բևեռացումը պայմանավորել է համացանցի ազդեցությամբ։
«Ավելի շատ ինտերնետն է նպաստել՝ կես ճիշտ-կես սխալ լուրերով լարում մտցնելով»,- ասել է մեկ այլ քաղաքացի։
Մյուս քաղաքացին բևեռացման լուծումը հնարավոր է համարել իշխանափոխության դեպքում։
«Այստեղ միայն մի լուծում կա՝ իշխանափոխություն»,- շեշտել է քաղաքացին։
Հարցվածներից մի քանիսի կարծիքով՝ հասարակությունը բևեռացված չէ։
«Հիմա մաքուր Հայաստան է և բևեռացում չկա»,- ասել է քաղաքացին։
Կային քաղաքացիներ, որոնց կարծիքով հասարակությունը բևեռացված է, սակայն երևույթն իրենց համար արտառոց չէ։ Նրանք, որպես պատճառ, նշել են տարբեր սոցիալական կամ կրթական մակարդակներ ունենալը և հավելել, որ յուրաքանչյուրն իրավունք ունի կարծիք ունենալ։
«Ընդամենը մի բուռ ազգ ենք ու միահամուռ չենք, բայց մարդիկ ունեն տարբեր կարծիքներ, պետք է հարգել բոլորը»,- ասել է հարցմանը մասնակցած մի քաղաքացի։
Մանրամասները՝ տեսանյութում։





































