Ընտրություններից հետո կմեկնեմ Ռուսաստան և կհանդիպեմ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, Մարտունիում «Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվեցինք, որ ընտրություններից հետո կմեկնեմ ՌԴ և նրա հետ հանդիպում կունենամ, բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ նմանատիպ տասնյակ հարցեր նախկինում էլ են ծագել, և բոլորը լուծվել են։
Կառավարության ղեկավարը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ ժամկետներում է պատրաստվում մեկնել և ինչ օրակարգով։
Հայ-ռուսական հարաբերություններում հեռակա քննարկումներ են սկսվել ընտրություններից առաջ․ ռուսական կողմը պնդում է, որ Հայաստանը պետք է որոշում կայացնի, թե ո՞ր տնտեսական միության կազմում է ուզում լինել՝ ԵՄ-ի՞, թե՞ ԵԱՏՄ-ի։
Պուտինը կոչ էր արել հայկական իշխանություններին կողմնորոշվել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն զգուշացրել էր ԵԱՏՄ արտոնությունների հնարավոր կորստի մասին:
Փաշինյանը վստահեցրել էր, որ ընտրություններից հետո աշխատանքներ կտարվեն ԵԱՏՄ անդամ-երկրների հետ առաջացած հարցերը լուծելու համար։




































