Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին կոչ է արել ակտիվացնել ջանքերը հայ գերիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Դիմումը նա փոխանցել է ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
Վարդանյանը հայտնել է, որ վերջերս հանդիպել է Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային, որի հետ քննարկել է հայ բանտարկյալների պահման պայմանները, այդ թվում՝ կենցաղային, բժշկական, իրավական և հումանիտար ասպեկտները: Նրա խոսքով՝ խոսքն այն խնդիրների մասին է, որոնք ուղղակիորեն առնչվում են մարդկանց անվտանգությանը, առողջությանը և արժանապատվությանը։
«Չնայած երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը` ընթանում են բանակցություններ տնտեսական հարցերի շուրջ՝ ՀՀ ներկայացուցիչների մասնակցությամբ: Ուստի ինչո՞ւ կալանավորների կյանքի, առողջության և իրավունքների հարցերը պաշտոնական Երևանի օրակարգում չեն, և ինչո՞ւ պատվիրակության անդամներից ոչ ոք չի այցելել գերիներին»,- ասվում է դիմումում:
Նա նշել է, որ Ալիևայի խոսքով՝ ավելի վաղ քննարկվել է ՀՀ ՄԻՊ-ի Բաքու այցի հնարավորությունը, և ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցել կազմակերպմանը, սակայն նախաձեռնությունը մինչ օրս չի իրականացվել: Վարդանյանն ընդգծել է, որ ՀՀ քաղաքացիները տևական ժամանակ պահվում են ադրբեջանական բանտերում՝ առանց ընտանիքների հետ հանդիպումների և անկախ մոնիթորինգի, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից:
Այս ֆոնին, նրա գնահատմամբ, օմբուդսմենի հայկական ինստիտուտը բավարար նախաձեռնություն չի ցուցաբերում։ Վարդանյանը կոչ է արել դիտարկել ՀՀ ՄԻՊ-ի և բանտարկյալների հարազատների մասնակցությամբ Բաքու այց կազմակերպելու հնարավորությունը: Նա նշել է, որ իր կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, պատրաստ է միանալ նման ուղևորությանը։
Դիմումում ընդգծվում է նաև երկու երկրների օմբուդսմենների միջև համակարգման անհրաժեշտությունը, որի բացակայությունը, ըստ Վարդանյանի, փաստացի նշանակում է հրաժարվել միակ մարդասիրական ալիքից օգտվելուց: Նա խնդրել է Մանասյանին հրապարակայնորեն պատասխանել, թե արդյոք դիտարկվո՞ւմ է Բաքու այցի հնարավորությունը, ինչպե՞ս է նախատեսվում համակարգումն ադրբեջանական կողմի հետ և ի՞նչ միջոցներ են արդեն ձեռնարկվել հայ գերիների իրավունքների պաշտպանության համար:
Վարդանյանը հայտարարել է նաև բոլոր հասանելի հումանիտար և իրավական մեխանիզմները գործի դնելու անհրաժեշտության մասին և նշել, որ այդ հարցերի անտեսումը, իր կարծիքով, անհամատեղելի է քաղաքացիների առջև պետության ստանձնած պարտավորությունների հետ:
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է մնալ 19 հայ գերի։ 2025-ի սեպտեմբերից՝ ադրբեջանական իշխանությունների որոշմամբ երկրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փակումից հետո, որևէ միջազգային կառույց չի այցելել հայ գերիներին:
2025 թվականի հունվարին Բաքվում մեկնարկել էին Ադրբեջանում պահվող հայերի, այդ թվում՝ Արցախի երեք նախկին նախագահների և հինգ այլ ռազմաքաղաքական առաջնորդների նկատմամբ «դատական գործընթացները»։
Արցախի նախկին պետնախարարը Բաքվում դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման: Վարդանյանը հրաժարվել էր պաշտպանական դիրքորոշում ներկայացնել դատարանում՝ հայտարարելով, որ տեղի ունեցողը համարում է դատական ֆարս: Արցախցի գործչի ընտանիքը դատարանի որոշումից հետո հայտարարել էր, որ շարունակելու է պայքարը Վարդանյանի և մյուս հայ գերիների ազատման համար:
Արցախի մյուս նախկին ղեկավարները դատապարտվել էին 20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկման: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառել էր նրանց վաղաժամ ազատման հնարավորությունը։


































