ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Firebird AI ընկերության միջև ստորագրվել է պայմանագիր, որով ՀՀ կառավարությունը Firebird AI ընկերությունից 5 տարի ժամկետով ձեռք կբերի 25 միլիոն դոլար արժողությամբ բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ, տեղեկացնում է ԲՏԱ նախարարությունը։
Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Գասպարյանը և Firebird AI ընկերության հիմնադիր և տնօրեն Ալեքսանդր Եսայանը:
Կարևորելով պայմանագրի կնքումը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ այս նախագիծը հնարավոր է դարձել Հայաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև ձեռք բերված ռազմավարական պայմանավորվածությունների, ինչպես նաև ընկերության հիմնադիրների գործուն ջանքերի շնորհիվ։
«Սա երկար ճանապարհի միայն սկիզբն է։ Այս նախագիծը նոր հնարավորություններ է ստեղծում գիտության, առաջատար տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում՝ սահմանելով զարգացման նոր ուղենիշ»,- ընդգծել է նախարարը։
Հայրապետյանը շեշտել է, որ ծրագրի առանցքային գաղափարներից մեկն այն է, որ Հայաստանում գեներացվող ռեսուրսները նախ և առաջ ծառայեն տեղական էկոհամակարգի զարգացմանը։
Նրա խոսքով՝ դեռ նախորդ տարի ստեղծված «Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտ» (AIVI) հարթակը կծառայի այդ ռեսուրսների հասանելիության ապահովմանը։ Նախարարը նաև հավելել է, որ նախաձեռնությունը պետություն-մասնավոր համագործակցության հաջող օրինակ է, որը կնպաստի Հայաստանի տեխնոլոգիական զարգացմանը, տնտեսության և երկրի դիրքի ամրապնդմանը համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա։
Firebird AI ընկերության հիմնադիր և տնօրեն Եսայանն, իր հերթին, արձանագրել է, որ այս համագործակցությունը միտված է Հայաստանի արհեստական բանականության էկոհամակարգի ամրապնդմանը և նորարարական նախագծերի խթանմանը։
«Արհեստական բանականությունն այսօր վերափոխում է աշխարհը և այն երկրները, որոնք հիմա համարձակ որոշումներ են կայացնում, վաղը կսահմանեն խաղի կանոնները։ Մենք ոգեշնչված ենք նախարարության մոտեցմամբ և տեսլականով, որի կենտրոնում Հայաստանի տեխնոլոգիական ապագան է։ Սա պետության և մասնավոր հատվածի համատեղ խոստումն է գիտնականներին, հետազոտողներին, ուսանողներին ու ստարտափներին, որ նրանք ունենալու են արհեստական բանականությունը ի շահ Հայաստանի զարգացմանն օգտագործելու անհրաժեշտ գործիքը»,- ասել է նա։
Պայմանագրի կարևորության մասին է խոսել նաև NVIDIA-ի Omniverse և մոդելավորման տեխնոլոգիաների փոխնախագահ Ռև Լեբարեդյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը կարող է դառնալ ոչ միայն զարգացող, այլ նաև առաջատար տեխնոլոգիական երկիր՝ առաջնորդելով աշխարհը։
«Այս գաղափարի նպատակն է` երկիրը դուրս բերել համաշխարհային առաջնագիծ՝ հենվելով արհեստական բանականության գերհամակարգիչների հզորության վրա։ Նախագծի առաջին փուլով նախատեսված բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների գործարկումը Հայաստանին հնարավորություն կտան հասնել Գերմանիայի մակարդակին, իսկ մինչև տարեվերջ՝ երկրորդ փուլի ավարտին, այդ հզորությունների ընդհանուր ծավալով երկիրը կհայտնվի աշխարհի առաջատար հնգյակում։ Պետության և մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցության շնորհիվ ստեղծվող այս ենթակառուցվածքը Հայաստանին հնարավորություն կտա ունենալ միլիարդավոր բնակչություն ունեցող երկրներին բնորոշ հզորություն և արտադրողականություն»,- նշել է նա։
Ըստ ԲՏԱ նախարարության՝ պայմանագիրը նշանակալի առաջընթաց է Հայաստանի տեխնոլոգիական կարողությունների զարգացման ճանապարհին։ Այն ձևավորում է անհրաժեշտ նախադրյալներ՝ արհեստական բանականության ոլորտում նոր լուծումների ստեղծման, գիտահետազոտական գործունեության ակտիվացման և նորարարական միջավայրի ընդլայնման համար՝ նպաստելով մրցունակ, գիտելիքահեն էկոհամակարգի կայացմանը։
Nvidia-ն առաջին անգամ նախագծի մասին հայտարարել էր հունիսին՝ ներկայացնելով տարածաշրջանում առաջին լայնածավալ ԱԲ կենտրոնի ստեղծման նախաձեռնությունը:




































