Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով եկեղեցում ՊՊԾ աշխատակցի կողմից 18-ամյա Դավիթ Մինասյանին հարվածելու դեպքին, հրաժարվել է գնահատական տալ կատարվածին։
Նա պարզաբանել է, որ անվտանգության աշխատակիցը պարտավոր է ուժ կիրառել պահպանյալին սպառնացող վտանգի դեպքում՝ ընդհուպ մինչև զենքի գործադրում։
«Եթե նման գործողություն չարվի, ապա աշխատակցի դեմ կարող է քրեական գործ հարուցվել ծառայողական պարտականությունները չկատարելու համար»,- նշել է վարչապետը։
Նա հավելել է, որ ՊՊԾ-ն չի կարող առաջնորդվել անձի տարիքով կամ առողջական վիճակով, քանի որ նրա գործառույթը պահպանության ապահովումն է։
Փաշինյանը շեշտել է, որ նման իրավիճակների իրավական գնահատականն իր լիազորություններից դուրս է։
Եկեղեցու բակից մարտի 29-ին 3 քաղաքացու էին ձերբակալել՝ պատարագի ընթացքում Փաշինյանի և քաղաքացիներից մեկի միջև տեղի ունեցած միջադեպից ժամեր անց։ Ըստ տեսանյութերի՝ պատարագի ընթացքում քաղաքացին Փաշինյանին ասել էր, որ «ինքն ուզում է մեջտեղում կանգնել», ինչից հետո քաշքշոց էր սկսվել։ Միջադեպի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել: Մինասյանն այսօր 2 ամսով կալանավորվել էր։
Եղբայրների փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն Armenia Today-ին հայտնել էր, որ նրանք 18 տարեկան են, աշակերտներ են, իսկ ձերբակալված երրորդ անձը նրանց հետ առնչություն չունի: Երրորդ ձերբակալվածը «Համահայկական ճակատ» շարժման հիմնադիր Գևորգ Գևորգյանն է, որը նույնպես ներկա էր պատարագին։ Բացի այդ, ըստ փաստաբանի, եղբայրներն անազատության մեջ չեն կարող գտնվել առողջական խնդիրների պատճառով:




































