Սուրբ Աննա եկեղեցու բակից երկու քաղաքացու են ձերբակալել, հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Իրավապաշտպանը նշել է, որ նրանց անհայտ ուղղությամբ են տարել։
Նշենք, որ Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Ծաղկազարդը, և ինչպես բոլոր, այնպես էլ Սուրբ Աննա եկեղեցում պատարագ էր, որին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պատարագի ընթացքում նրա և մի քաղաքացու միջև միջադեպ էր տեղի ունեցել, երբ քաղաքացին Փաշինյանին ասել էր՝ «ինքն ուզում է մեջտեղում կանգնի», ինչից հետո քաշքշոց էր սկսվել։
«Տենց չնայես ինձ»,- իր դժգոհությունը հայտնելով՝ քաղաքացին ասել էր Փաշինյանին։
Պատարագի մասնակից քաղաքացիներն աղմուկ բարձրացնելու միջոցով իրենց բողոքն էին հայտնել եկեղեցում Փաշինյանի ներկայությանը, ինչից հետո վարչապետը դուրս էր եկել այնտեղից։
Մելիքյանի խոսքով՝ քաղաքացիներին բերման են ենթարկել միջադեպից հետո՝ պատարագից ժամեր անց։ Մելիքյանը չի բացառել, որ քաղաքացիներին բերման ենթարկելը կապված է ժամեր առաջ տեղի ունեցած միջադեպի հետ։ Ըստ տեսանյութերի՝ ձերբակալվածներց մեկը, ենթադրաբար, Փաշինյանի հետ միջադեպի մասնակից երիտասարդն է։
Ավելի ուշ Ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանն Armenia Today-ին հաստատել է քաղաքացիների ձերբակալությունը։
Սարգսյանը տեղեկացրել է, որ ոստիկանության ծառայողները նրանց ձերբակալել են «խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով»։
Թարմացված է՝ 29.03.2026 | 14:27





































