Հայաստանն ու Իրանն այս պահին չեն քննարկում ռազմավարական գործընկերության համաձայնագրի կնքման հարցը, լրագրողներին հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Միաժամանակ՝ նա հայտարարել է TRIPP երթուղու ստեղծման նախագծի իրականացման շուրջ բանակցությունների շարունակման մասին՝ նշելով, որ բանակցությունների արդյունքում պետք է ստորագրվի «ինչ-որ միջկառավարական համաձայնագիր»։
«Մենք ասում էինք, որ ուզում ենք այնպես լինի, որ տարվա վերջ կամ կեսերին շինարարություն սկսվի, բայց չգիտեմ՝ ինչքանո՞վ է իրատեսական, դա, ամեն դեպքում, ցանկություն էր»,- ասել է Միրզոյանը:
Մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Իրանում ռազմական գործողությունների պայմաններում TRIPP նախագիծն ԱՄՆ-ի համար առաջնահերթություն չէ, նախարարն ասել է, որ դա չի նշանակում, որ դրա իրականացումը կասեցված է կամ հետաձգվում է:
«Հիմա գտնվում ենք փաստաթղթային համաձայնեցման փուլում, շարունակում ենք բանակցությունները, մտքերի փոխանակություն է տեղի ունենում»,- հավելել է նա։
Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ ստորագրվել էր խաղաղության համաձայնագրի նախնական տեքստը։ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունվարին Վաշինգտոնում հրապարակել էին TRIPP-ի իրականացման շրջանակը:




































