Արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանի գործով դատարանը կայացրել է մեղադրական վերդիկտ, ըստ որի պետական դավաճանության մեղադրանքը փոխարինվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ, հայտնել է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
Ըստ դատարանի որոշման՝ Ալեքսանյանի արարքն այժմ որակվում է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հանցակազմ, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 4 տարի ժամկետով)։
Չնայած մեղադրանքի փոփոխությանը՝ Ալեքսանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը թողնվել է անփոփոխ, հավելել են ԲԴԽ-ից։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի Քրեական դատարանն (դատավոր՝ Անի Դանիելյան) մարտի 27-ին արդարացրել էր պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանին։
Մամուլն ավելի վաղ հայտնել էր, որ իրավապահները ձերբակալել են Ալեքսանյանին, սակայն տեղեկությունը փորձել են հանրությունից գաղտնի պահել։ Ըստ հրապարակման՝ Ալեքսանյանին ձերբակալել էին Ավստրիայից Հայաստան վերադառնալիս՝ օդանավակայանում։ Երիտասարդ կնոջ մոտ փաստաթղթեր էին հայտնաբերել և կասկածել Ադրբեջանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ։ ԱԱԾ-ն նաև խուզարկություն էր իրականացրել ԱԳՆ շենքում։ ՔԿ-ն տեղեկացրել էր, որ Ալեքսանյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանքը։




































