Պետական դավաճանության մեջ մեղադրվող ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակցի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, հայտնում է Քննչական կոմիտեին։
Ըստ ՔԿ-ի՝ աշխատակցի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել 2025 թվականի հունիսի 20-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա։ Վարույթը հարուցվել է Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանությունը, առավելագույն պատիժը՝ ցմահ ազատազրկում) և 424-րդ հոդվածի 1-ին մասով (լրտեսությունը, առավելագույն պատիժը՝ ցմահ ազատազրկում): Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ԱԳՆ աշխատակցի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով։
Նշվում է, որ գործի նախաքննության ընթացքում որևէ տվյալ ձեռք չի բերվել նշված հանցագործությանն այլ անձանց, այդ թվում՝ ՀՀ ԱԳՆ այլ աշխատակցիների մասնակցության, ինչպես նաև նշված աշխատակցին աջակցելու կամ օժանդակելու վերաբերյալ:
ՔԿ-ից նաև հավելել են, որ տվյալ անձը բարձրաստիճան պաշտոնյա, ինչպես նաև արտերկրում ՀՀ հյուպատոս չի հանդիսացել։
Այսօր ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ մոտ 2 ամիս առաջ իրավապահները ձերբակալել են ԱԳՆ հյուպատոսական բաժնի աշխատակից Աշխեն Ալեքսանյանին, սակայն տեղեկությունը փորձել են հանրությունից գաղտնի պահել։ Ըստ հրապարակման՝ Ալեքսանյանին ձերբակալել էին Ավստրիայից Հայաստան վերադառնալիս՝ օդանավակայանում։ Երիտասարդ կնոջ մոտ փաստաթղթեր էին հայտնաբերել և կասկածել Ադրբեջանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ։ ԱԱԾ-ն նաև խուզարկություն էր իրականացրել ԱԳՆ շենքում։






























