Զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել Գլխավոր դատախազության դիմաց՝ պատերազմի մեղավորներին դատապարտելու պահանջով։ Նրանք փաստաբան Վահան Հովհաննիսյանի ուղեկցությամբ նամակ են փոխանցել գերատեսչությանը։
Դիմումատուները պնդում են, որ երեկ՝ մարտի 25-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե 2020-ին գիտակցված զոհողության է գնացել, և դրա արդյունքում է, որ ձեռք է բերվել պետություն ու անկախություն, ինքնախոստովանություն է։ Փաշինյանն ասել էր, որ մինչ այդ բոլոր զոհողությունների հեղինակն «իրենք չեն հանդիսացել, իրենց տարել են կառափնարան և զոհել»։
Ծնողները հույս են հայտնել, որ ընտրություններում՝ ընդդիմության հաղթանակից հետո, այդ հայտարարությանը կտրվի իրավական պատասխան, և բոլոր մեղավորները պատասխան կտան զոհերի համար։
Պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի մայրն ասել է, որ իր 20-ամյա տղան զոհվել է «ինչ-որ մարդու աթոռի համար»։
«Չգիտեմ՝ այս մարդն ով է, որ ամեն առավոտ արթնանում է քնից, բացում է հեռախոսը և հիանում իրենով։ Բայց ուզում եմ հիասթափեցնել քեզ։ Դու դա չես, դու ընդամենը պարտված ղեկավար ես։ Եթե նա մի փոքր ինքնասիրություն ունենար, 2020-ի նոյեմբերից հետո պետք է հեռանար՝ տեղը զիջելով ավելի հզոր մարդու»,- նշել է նա։
Ըստ Հովհաննիսյանի՝ այն դիմումը, որն այսօր ուղղում են դատախազություն, միտտված է ապագային, քանի որ այս իշխանություններից սպասելիքներ չունեն։
«Սկսվել է ընտրապայքար, իսկ պայքարի ամեն կողմը որոշակի գործիքակազմից է օգտվել։ Փաշինյանը մարտի կանոններն անտեսում է։ Մտել է պայքարի մարտ՝ առանց կանոնների եղանակով, որի դեմ պայքարելը շատ դժվար է։ Պայքարի եղանակներից մեկն էլ այս իրավական նախաձեռնությունները նախաձեռնելն է»,- պարզաբանել է նա։
Հովհաննիսյանի խոսքով՝ դիմում ներկայացնելու խնդրանքով իրեն դիմել են զոհված զինծառայողների ծնողները։
Զոհված զինվորի հայր Բորիկ Կոյտիկովը նշել է, որ Փաշինյանն առնվազն երկու անգամ ունեցել է պատերազմը կանգնեցնելու հնարավորություն, սակայն չի արել դա։
«Զարմանում եմ, որ իր հետևից մինչև հիմա մարդիկ են գնում, անկեղծ։ Ես մի բան գիտեմ, որ իմ հոգու մեջ պետք է ջուր չդառնա»,- նշել է նա։



































