ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը Վաշինգտոնին խոշոր «նվեր» է տվել՝ կապված նավթի, գազի և Հորմուզի նեղուցի հետ, սակայն մանրամասներ չի հայտնել, գրել է ՏԱՍՍ-ը։
Ըստ Թրամփի՝ Իրանի մատուցած նվերը հասել է իրենց երեկ։
«Նրանք մեզ նվեր տվեցին, և այդ նվերն այսօր ժամանեց։ Շատ մեծ նվեր է, հսկայական գումար, և ես չեմ ասի, թե ինչ է, բայց շատ կարևոր մրցանակ է։ Միջուկային զենքի հետ կապված չէ, այլ նավթի և գազի, շատ հաճելի արարք էր նրանց կողմից»,- պնդել է Թրամփը։
Ամերիկացի առաջնորդն ընդգծել է, որ այս ժեստն իրեն վստահություն է տալիս, որ ԱՄՆ-ն բանակցությունների իրանական կողմում «գործ ունի ճիշտ մարդկանց հետ»։
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին:
Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։





































