Թեհրանը ականապատելու է Պարսից ծոց տանող ծովային բոլոր ուղիներն ԱՄՆ-ի ցամաքային գործողության դեպքում, հաղորդում է Fars-ը՝ հղում անելով Իրանի պաշտպանության խորհրդին։
«Թշնամու կողմից Իրանի ափին կամ կղզիներին հարձակվելու ցանկացած փորձ կհանգեցնի Պարսից ծոցի և ափամերձ շրջանների բոլոր անցուղիների և տրանսպորտային ուղիների ականապատմանը տարբեր ծովային ականներով, այդ թվում՝ լողացող ականներով՝ համաձայն ռազմական սովորական պրակտիկայի»,- ասվում է հրապարակման մեջ։
Նախարարությունը հայտարարել է, որ չեզոք երկրների համար Հորմուզի նեղուցով տարանցման միակ ճանապարհը Թեհրանի հետ տարանցումը համակարգելն է։ Իրանի Պաշտպանության խորհուրդը նաև հայտարարել է իր «հանձնառությունը վճռական և ապակառուցողական արձագանք տալու ցանկացած ոտնձգության»։
ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Գործողության արդյունքում զոհվել էին Իրանի բարձրաստիճան զինվորականներ և պաշտոնյաներ, այդ թվում՝ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:
Իրանն ի պատասխան՝ հարվածներ էր հասցրել տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին: Հարվածներ են հասցվել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին ու դիվանագիտական ներկայացուցչություններին:





































