Բաքվում 20 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրյանա Սպոլյարիչ-Էգերին՝ Ադրբեջանում հայ գերիների իրավական կարգավիճակը պարզաբանելու խնդրանքով:
Նրա խոսքով՝ ավելի քան երկու տարի է, ինչ հարազատները զրկված են գերիներին տեսակցելու հնարավորությունից և մտահոգված են նրանց առողջական վիճակով: Վերջինները, ովքեր անկախ մուտք են ունեցել նրանց մոտ, հանդիսացել են ԿԽՄԿ ներկայացուցիչներ, սակայն Ադրբեջանի պահանջով կազմակերպությունը 2025 թվականի սեպտեմբերի 3-ին դադարեցրել էր գործունեությունը երկրում:
Այս պայմաններում, ըստ Զոնաբենդի, միջազգային հումանիտար իրավունքի շրջանակում առանձնահատուկ նշանակություն է ստանում գերիների իրավական կարգավիճակի հարցը: Հենց այս խնդրանքով էլ նա դիմել է ԿԽՄԿ ղեկավարին:
«Պարզաբանման անհրաժեշտությունն առավել հրատապ է դառնում Ադրբեջանում ակնհայտորեն թերի դատական վարույթների լույսի ներքո՝ հաշվի առնելով հիմնարար երաշխիքներից զուրկ դատավարությունները և փաստական ու իրավական հիմքերից զուրկ մեղադրանքները»,- նշել է Վարդանյանի կինը:
Դիմումի հեղինակը կոչ է արել կազմակերպությանը պարզաբանել, թե ի՞նչ իրավական կարգավիճակով են կոմիտեի ներկայացուցիչներն այցելել հայ գերիներին և տալ պատասխան:
Ըստ Զոնաբենդի՝ սա ընտանիքներին կտա խիստ անհրաժեշտ վստահեցում և պատկերացում այն մասին, թե ինչպես են կալանավորվածները դիտարկվում միջազգային մարդասիրական իրավունքի և ԿԽՄԿ մարդասիրական այցելությունների չափորոշիչների շրջանակում։
Վարդանյանի ընտանիքը մարտի 16-ին հայտնել էր, որ ադրբեջանական իշխանությունները նրան թույլ չեն տվել կապ հաստատել իրավապաշտպանի հետ: Նշվում էր, որ մարտի 13-ին հեռախոսազրույցի ժամանակ Վարդանյանը փորձել էր փոխանցել հրապարակային ուղերձ, սակայն զանգը բռնի ընդհատվել էր:
Արցախի նախկին պետնախարարը Բաքվում դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման: Վարդանյանը հրաժարվել էր պաշտպանական դիրքորոշում ներկայացնել դատարանում՝ հայտարարելով, որ տեղի ունեցողը համարում է դատական ֆարս: Արցախցի գործչի ընտանիքը դատարանի որոշումից հետո հայտարարել էր, որ շարունակելու է պայքարը Վարդանյանի և մյուս հայ գերիների ազատման համար:
Արցախի մյուս նախկին ղեկավարները դատապարտվել էին 20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկման: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառել էր նրանց վաղաժամ ազատման հնարավորությունը։






































